25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր սահմանադրական գիտակցության մեջ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Վերջին երեք տարիներին մեր սահմանադրական գիտակցության մեջ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ: Այս մասին ասվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ Սահմանադրության օրվա առիթով արված ուղերձում։ Դրանում նշվում է․

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ,

շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով: 2021 թվականի հուլիսի 5-ը դիմավորում ենք կատարելապես նոր պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածը լրումին հասած: Ըստ այդ հոդվածի՝ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով:

2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ի ցույց դրեցին, որ տասնամյակների պայքարից հետո սահմանադրական այս դրույթը Հայաստանում հաստատված է անշրջելիորեն: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այսօր տեսնում է, գիտի, որ ինքը որոշիչ ուժ է, այնպես, ինչպես նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ըստ այդմ, ցույց տվեցին, որ վերջին երեք տարիներին մեր սահմանադրական գիտակցության մեջ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ, և Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու և ոչ թե ճգնաժամ հարուցելու միջոց: Սա սահմանադրական իրականություն ստեղծելու մեր առաքելությունը նոր թափով կյանքի կոչելու ամուր նախադրյալներ է ստեղծում:

Մեր առաջիկա անելիքների առանցքը ձևակերպված է մեր երկրի Սահմանադրության նախաբանում և առաջին հոդվածում: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն լինելու նյութականացման շուրջ պիտի համախմբենք մեր ազգային լավագույն ներուժը, և այդ համախմբումը պիտի տեղի ունենա համաձայն ժողովրդի կամքի և ոչ թե ի հեճուկս նրա:
Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունների շարքում արտաքին, սահմանադրական անվտանգության օրակարգերն են, այդ օրակարգերը սպասարկելուն կոչված պետական ինստիտուտների բարեփոխումը և կայացումը: Այս օրակարգերի պատշաճ սպասարկումն է, որ պիտի ապահովի մարդու, մարդկային ներուժի զարգացման համար անհրաժեշտ իրավական, սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային պայմանների հասանելիությունը, և այս օրակարգի վրա պիտի աշխատենք օրնիբուն՝ մեր երկրի անվտանգությունն ու հզորությունը, մարդու և քաղաքացու ազատությունը, երջանկությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով:

Այս ընթացքում, ակնհայտորեն, չի հաջողվի խուսափել մեր երկրի կառավարման համակարգի շուրջ քննարկումներից, բայց այս կարևորագույն հարցում էլ պիտի առաջնորդվենք «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ,

խոնարհվելով հանուն հայրենիքի, հանուն ինքնիշխան պետության իրենց կյանքը զոհած մեր բոլոր եղբայրների ու քույրերի հիշատակի առաջ՝ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա՝ հուլիսի 5-ի առիթով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ