ԲՀԿ-ն փոխարինում է ”Ժառանգությանը”
Վերջին օրերին ՛՛համաժողովրդական շարժման՛՛ շարքերում լարվածություն կա: Րաֆֆի Հովհաննսիսյանի անկեղծացումը ՛՛Եռյակին՛՛ խնդիրների առաջ է կանգնեցրել, որոնք հրատապ լուծում են պահանջում: Քաղաքական գործընթացները հանգեցրել են մի հանգրվանի, որտեղ փոխվստահության բարձր մակարդակը պարտադիր է թե՛ ներեռյակային արդյունավետ համագործակցության, թե՛ հասարակության վստահության առումով:
Եվ այս ֆոնին, ՛՛Եռյակը՛՛ կանգնած է ՛՛Ժառանգության՛՛ հնարավոր ՛՛կորստի՛՛ առաջ, ինչին ԲՀԿ-ն փորձում է հակադրել որոշ կասկածելի ՀԿ-ների հետ համագործակցությունը: Երբ զննում ենք շարժմանը միացող կազմակերպությունների ցանկը, տեսնում ենք, որ նախկինում այդ կառույցները ոչնչով աչքի չեն ընկել և որևէ լուրջ գործունեություն չեն ծավալել:
Մյուս կողմից, հայտնի է, որ Հայաստանում ՛՛գործում՛՛ են հազարավոր ՀԿ-ներ: Ու դրանցից մեկ-երկու տասնյակի դրսևորած վարքագծին օբյեկտիվորեն չի կարելի առանձնակի մեծ քաղաքական նշանակություն վերագրել: Նաև նկատենք, որ իրականում նրանք միանում են ոչ թե շարժմանը, այլ հենց ԲՀԿ-ին:
Դրանով ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունը նախ փորձում է ցույց տալ ՛՛Եռյակի՛՛ կազմում ունեցած իր առաջնակարգ դիրքը և ավելացնել իր կշիռը, մյուս կողմից՝ փորձում է ապահովել քաղաքական գործունեության տեսանելի մասով: Թեև ՀԿ-ների աջակցությունը, ըստ էության, շատ փոքր քաղաքական ակտ է` ՛՛համաժողովրդական շարժման՛՛ նկատմամբ ոգևորության առաջացնելու համար:
Այսպիսով, ԲՀԿ-ի փորձը` ստանձնել լիդերություն ու ՛՛Եռյակը՛՛ տանել իր նախընտրած քաղաքական մարտավարությամբ, ՛՛Եռյակի՛՛ համար իրական վտանգ է առաջացնում, նրան կանգնեցնելով ինչպես մասնատման, այնպես էլ՝ հասարակության համար կառուցվող ակտիվ գործունեության իմիտացիայի անէացման սպառնալիքի առաջ:
Արման Մարտիրոսյան