Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր
_1416638001.jpg)
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին:
Ողջունելով հայաստանյան գործընկերոջը՝ ՌԴ արդարադատության նախարարը նշել է, որ փոխգործակցության նոր մակարդակ է ակնկալվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացները և Ռուսաստանի դերը այդ պրոցեսներում:
ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ ՌԴ նախարարի հետ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումից հետո սա երկրորդ հանդիպումն է՝ հավելելով, որ պետք է ակտիվացնել փոխգործակցությունն ու իրավական ինտեգրացիան:
Կողմերն անդրադարձել են ինտեգրացիոն պրոցեսների իրավական մասնագիտական ուղեկցման կարևորությանը՝ այս համատեքստում քննարկելով մասնակից պետությունների փորձի ուսումնասիրությունը:
Անդրադարձ է եղել նաև ՀՀ ԱՆ և ՌԴ ԱՆ միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի թարմացման անհրաժեշտությանը՝ ընդգծելով մի քանի ուղղությամբ աշխատանքային ծրագրեր իրականացնելու կարևորությունը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է նաև նոտարական ոլորտի, փորձագիտական կենտրոնի և ՔԿԱԳ համակարգի բարեփոխումները, պետության կողմից մատուցվող ծառայությունների բարելավման և «մեկ պատուհանի» ստեղծման գործընթացը:
Ալեքսանդր Կոնովալովը նշել է, որ պետք է համագործակցել իրավական փոխօգնության հարցերում: Նա ընդգծել է, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, նորարարական լուծումների առումով միշտ առաջիններից է: Կողմերը դատապարտյալների փոխանակման, փորձագիտական կարողությունների բարելավմանն առնչվող հարցերում համագործակցելու վերաբերյալ մտքեր են փոխանակել: Կարևորվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակում համագործակցությունը և Հայաստանի գիտնականների, իրավաբանների մշտական մասնակցությունն այդ ֆորումին: ՌԴ արդարադատության նախարարը շեշտել է նաև Հայաստանի հետ կլոր սեղանների, համաժողովների, այլ իրավական միջոցառումների անցկացումը և նշել, որ Սանկտ Պետերբուրգի ֆորումն այն հարթակը կլինի, որը կմիավորի հետխորհրդային լավագույն իրավական միտքը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2015 թվականի այցի օրակարգ ձևավորելու, ստորագրվելիք փաստաթղթերը մշակելու, փորձագիտական, ՔԿԱԳ, քրեակատարողական ոլորտում համագործակցելու հարցերում: