Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում սադրանքներից հետո իրադրությունը փոփոխություն չի կրել. Պն
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։
Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։
Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը լիահույս է, որ դրանք կտան ցանկալի արդյունք, և ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն հայտարարվել է, ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։