28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Պատմությունը այդքան հեշտ չի գրվել, որ այդքան հեշտ կեղծվի

 

 

 

Կայքերից մեկում ցավով կարդացի ուղղակի մտագարության հասնող մի զրպարտություն գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի և ընդհանրապես ԵԿՄ-ի դեմ:

Թելադրված լինելով այսօրվա ներքաղաքական իրավիճակով և լինելով որոշակի ուժերի պատվերը, այս էլ որերորդ անգամ, դժբախտաբար, որպես թիրախ ընտրված էր մեր ազատամարտի պատմությունը՝ փաստերի արտառոց նենգափոխմամբ: Կատարողը՝ հոդվածագիր Արտակ Հակոբյանը, եթե միայն պատվիրատուի պատվերը կատարեր և մնար այսօրվա ներքաղաքական գործընթացի շրջանակում, ապա մեր պատվիրց ցածր կհամարեինք արձագանքելը: Այն, սակայն, բիծ է նետում Արցախյան ազատամարտի, ԵԿՄ անցած մարտական ուղու և, ըստ էության, մեր սպարապետի՝  Վազգեն Սարգսյանի լուսապայծառ հիշատակին և ջուր լցնում ՀՀ և ԼՂՀ միջև հակասություններ որոնողների ջրաղացին:

Հոդվածագիրը որևէ վիճակագրությամբ և մարտական ամփոփագրերով չհիմնավորված ձևով հայտարարում է, թե պատերազմի ժամանակ՝  90-ական թթ. բոլորից շատ կորուստներ տվել է գեներալ Մանվել Գրիգորյանը: 90-ական թվականներ արտահայտությունն իսկ ցույց է տալիս հոդվածագրի կատարյալ անտեղյակությունը 1991-94թթ. մարտական գործողություններին, որոնք պատերազմական մի քանի շրջափուլերի են բաժանվում:

Փորձելով ճշմարտանմանություն հաղորդել իր խոսքին, հոդվածագիրը նախ ասում է, թե ճիշտ է, որ ռազմաճակատի իր հատվածում գեներալ Մ. Գրիգորյանը որևէ ձախողում թույլ չտվեց, և իսկույն ավելացնում է, թե դա եղել է շնորհիվ մարդկային մեծ կորուստների, իբր թե ՛՛մարդկային կյանքերը գեներալի համար երբևիցէ առաջնային չեն եղել՛՛:

Բարոյազուրկ այս պնդման հեղինակը որպեսզի իմանար, թե մարդկային կյանքը, տվյալ դեպքում զինվորի կյանքը բարձրագույն ինչ արժեք է եղել Մ. Գրգորյանի համար, պետք է տեսած լիներ, թե 1994թ.  հունվար-փետրվարյան դժվարին օրերին պաշտպանական ծանր մարտերում հինգերերդ բրիգադում ինչպես էր իրականացվում դիրքային խորը պաշտպանությունը, ինչ մեծ ջանքեր էին գործադրվում եռամսյա հավաքներով զորակոչվածների մարտական փորձի պակասը լրացնելու համար, ինչ մանրակրկիտությամբ էին նախապատրաստվում մարտական գործողությունների ծրագրերն ու թիկունքային ապահովումը և ստորաբաժանումների փոխկապակցված գործողությունները:

Պատերազմի ժամանակ շատ  և քիչ կորուստներ չեն լինում: Յուրաքանչյուր կյանքի կորուստ անդառնալի  ողբերգություն է: Պատերազմի ժամանակ լինում են ճիշտ կամ սխալ, արդարացված կամ չարդարացված գործողությունների ժամանակ զոհվածներ: Գեներալ Մ. Գրիգորյանը որ արել է առավելագույնը, որ սխալ և չարդարացված գործողությունների զոհեր չլինեն կարող եմ վկայել ոչ միայն ես, այլև հինգերորդ բրիգադի բազմահազար մարտիկները:

Այս հրապարակման մեջ գտնում ենք ուղղակի արտառոց անգրագետ ձևակերպումներ: Հոդվածագիրը ռազմաճակատ բառի փոխարեն չգիտես ինչու ամեն անգամ գրում է  ՛՛ֆրոնտ՛՛ բառը: Ըստ այդմ ասում է  ՛՛12 ֆրոնտի ղեկավարներից շատ արժանավոր մարդիկ կային՛՛: Անգամ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ եթե հաշվենք Բելոռուսական, ՈՒկրաինական և Մերձբալթյան ռազմաճակատները միասին վերցրած, դարձյալ 12 ռազմաճակատ չի եղել, ուր մնաց թե Արցախյան պատերազմի ժամանակ:

1993թ. ազատագրական մարտերից հետո, ըստ էության, ձևավորվել էր ռազմաճակատի երկու ուղղություն՝ հյուսիսային և հարավային: Վերջինս ընդգրկում էր Արաքսյան ուղղությունը, իսկ հյուսիսայինն իր հերթին ուներ երկու ուղղություն՝ Մարտակերտ-Շահումյան և Մարտակերտ-Միր-Բաշիր-Աղդամ: Հոդվածագիրը  ՛՛12 ֆրոնտների՛՛ ղեկավարներին ըստ էության հորինել է 12 առաքյալների ազդեցությամբ:

Իրականությունը, սակայն, այլ է: 1994թ. ապրիլ-մայիս ամիսներին, երբ մարտական գործողությունները հասել էին իրենց բարձրակետին, Հինգերորդ բրիգադը գտնվում էր կենտրոնում, նրանցից վեր Շահումյանի պարտիզաններն էին, իսկ դեպի ներքև՝ Մարտակերտի դաշտային հատվածը Մարտակերտի դիվիզիան էր: Այդ ժամանակ Մանվել Գրիգորյանը դարձել էր ճակատի հրամանատարը, այսինքն ռազմաճակատի երկու ուղղություններից մեկի հրամանատարը:

Հրապարակման հեղինակը չի խորշել անգամ այնպիսի մի ստոր ստի դիմելուց, ինչպիսին այն դրույթն է, թե Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանի զինվորական ղեկավարությունը միտումնավոր է բարձրացրել Մ. Գրիգորյանի հեղինակությունը՝ ի հակադրություն Ղարաբաղի զինվորական հրամանատարության: Այս սուտը թե հակադրության մի փորձ է ՀՀ և ԼՂՀ միջև և թե ստվերում է սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակը, քանի որ առանց նրա, չէր կարող նման ծրագիր իրականացվել:

Ըստ էության, հավասարապես և Սպարապետի դեմ ուղղված այս հոդվածում ասվում է, թե ԵԿՄ-ն ստեղծվեց ոչ թե Հայաստանի սահմանների պաշտպանության, այլ Հայաստանում դեմոկրատական գործընթացներին խոչընդոտելու համար: Եվ սա այն դեպքում, երբ դպրոցականներն իսկ գիտեն, որ Երկրապահը ստեղծվել է 1990-ին, իսկ 1993-ին Վազգեն Սարգսյանի մտահղացմամբ և ջանքերով տեղի է ունեցել ԵԿՄ առաջին համագումարը:

Հոդվածի երկրորդ մասին չենք անդրադառնում ոչ թե այն պատճառով, որ այն ճիշտ է, այլ որվհետև պարզապես կապվում է այսօրվա ընթացիկ քաղաքական իրավիճակի հետ:

Վերջում կցանկանայինք հարցնել, թե իրեն հարգող լրատավամիջոցն ինչպես կարող է տպագրել այնպիսի մի նյութ, որում հանուն ընթացիկ քաղաքական հաշիվների՝  փորձ է արվում ոտնակոխ անել մեր Ազատամարտի պատմությունը և նվիրական տարբեր հիշատակները:

 

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ Հինգերորդ բրիգադի զինծառայող ՀՀ Մարտական խաչի երկրորդ աստիճանի շքանշանակիր

 Գրականության ինստիտուտի փոխտնօրեն

Բանասիրական գիտության դոկտոր

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ