ԳՇ պետի պաշտոնից ազատումը՝ 27 պատգամավորների ձեռքում
Սույնով ներկայացվում է ստեղծված իրավիճակում միակ այն տարբերակը, թե երբ կարող է Օնիկ Գասպարյանը շարունակել պաշտոնավարումը:
Վարչապետի կողմից գլխավոր շտաբի պետի ազատման առաջարկը երկրորդ անգամ ստանալուց հետո Հանրապետության նախագահն իրավասու էր կամ ստորագրել համապատասխան ակտը՝ այն է ազատել գլխավոր շտաբի պետին կամ դիմել Սահմանադրական դատարան՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի։
Եթե Նախագահը չի կատարում Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասի։
Մարտի 9-ին Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունից պարզ դարձավ, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասովսահմանված կարգով Նախագահը չի դիմել Սահմանադրական դատարան, որի արդյունքում փաստացի Նախագահն ազատել է ԳՇ պետին:
Նախագահի հրամանագրի՝ իրավունքի ուժով ընդունվելու մասին հրապարակվել է նաև ՀՀ կառավարության պաշտոնական կայքում այսօր՝ մարտի 10-ին:
Իրադարձությունների նման զարգացման պայմաններում առկա է միայն մեկ տարբերակ, այն է, պատգամավորների 1/5-ի ստորագրությամբ ներկայացվի դիմում Սահմանադրական դատարան՝ իրավունքի ուժով ընդունված նախագահի հրամանագրի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցով:
ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ որոշում է Հանրապետության նախագահի հրամանագրերի համապատասխանությունը Սահմանադրությանը։
ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող են դիմել՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերում։
Այս պարագայում վիճարկման առարկա է համարվելու ոչ թե Վարչապետի առաջարկի, այլ իրավունքի ուժով ընդունված Նախագահի հրամանագրի սահմանադրականության հարցը։
Գործը քննության ընդունելուց հետո Սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել Նախագահի հրամանագրի գործողությունը, որի արդյունքում Օնիկ Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես գլխավոր շտաբի պետ:
Հատկանշական է, որ Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 9-ին նշեց նաև, որ դիմելու է Սահմանադրական դատարան«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցով:
Մինչդեռ, նշված քայլը որևէ կերպ չի կարող հանգեցնել Օնիկ Գասպարայանի պաշտոնի վերականգնմանը, քանի որ Սահմանադրական դատարանում վիճարկման առարկա պետք է դարձվի հենց Նախագահի հրամանագիրը, այլ ոչ թե նշված օրենքի դրույթները: Նախագահն ուներ նման հնարավորություն, որը բաց թողեց:
Այսպիսով, ևս մեկ անգամ ցանկանում ենք փաստել, որ ստեղծված իրավիճակում միակ տարբերակը առնվազն 27 պատգամավորների ստորագրությամբ Սահմանադրական դատարան դիմելն է:
Արատտա թիմ