Եվրասիական տնտեսական միությունը նոր լրջագույն հնարավորություններ է բացում անդամ պետությունների համար. Հ. Նաղդալյան
Երեկ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը, որը հոկտեմբերի 10-ի ԵՏՄ-ին միանալու փաստաթղթի ստորագրումից հետո, ըստ էության , առաջին պաշտոնական, նման բարձր մակարդակով քննարկումն էր ԵՏՄ անդամակցության հեռանկարների շուրջ: Ընթացիկ աշխատանքների շուրջ զրուցեցինք ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:
-Տիկին Նաղդալյան, կմանրամասնե՞ք, խնդրեմ, կոնկրետ ինչ շեշտադրումներ արվեցին նիստի ընթացքում եւ ինչ աշխատանքներ են նախատեսվում խորհրդարանական այս հարթակում:
– Նախ կուզեի նշել, որ Եվրասիական տնտեսական միությունը Եվրասիայի տարածքի ամենամեծ ինտեգրացիոն միավորումներից մեկն է, ավելի քան 20 միլիոն ք.կմ տարածքով եւ մոտ 180 մլն բնակչությամբ: Այս ինտեգրացիոն միավորման պետությունների աշխարհաքաղաքական եւ աշխարհագրական դիրքը տալիս է որոշակի լուրջ առավելություններ:
Հանձնաժողովի նիստի ընթացքում երկուստեք կաեւորվեց Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի հաջող եւ արդյունավետ զարգացման հիմնական պայմաններից մեկը՝ համապատասխան իրավական բազայի ստեղծման անհրաժեշտությունը: Հետագա առաջընթացը շատ դժվար կընթանա՝ առանց տնտեսական գործունեության օրենսդրական հիմքերի ներդաշնակեցման: Սա մեր երկրների խորհրդարանների առջեւ ծառացած գլխավոր մարտահրավերն է եւ գերխնդիրն ու պատասխանատվությունը: Մենք պետք է հզոր խթան հաղորդենք օրենսդիր մարմինների արդյունավետ գործունեությանը՝ ուղղված ազգային օրենսդրությունների կոնվերգենցիային եւ ներդաշնակեցմանը, ինչպես նաեւ՝ Միասնական տնտեսական տարածքի ձեւաչափով ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման համար անհրաժեշտ իրավական բազայի ստեղծմանը:
Ինտեգրացիոն միավորման ընդհանուր իրավական դաշտը , որպես կանոն, հիմնված է նորմատիվ իրավական ակտերի ներդաշնակեցման եւ ազգային ու վերազգային հարթությունների համաձայնեցման վրա: Այդ առումով երեկվա հանձնաժողովի նիստը նույնպես մի լավ հնարավորություն էր հետագա ինտեգրացման վերաբերյալ տեսակետների քննարկման համար:
-Ի՞նչ սկզբունքներ դավանելով է Հայաստանն այսօր ինտեգրվում Եվրասիական տնտեսական միությանը :
-Եվրասիական միությանն անդամագրումը , կարծում եմ, պետք է նախ եւ առաջ կայանա փոխշահավետ տնտեսական սկզբունքների եւ պրագմատիկ մոտեցումների հիման վրա ՝ բացառելով վերացական աշխարհաքաղաքական գաղափարներն ու կարգախոսները: Տնտեսությունը պետք է լինի այդ կարեւոր գործընթացների առանցքը:
Մեր պատմության մեջ եղել է ժամանակահատված, երբ քաղաքական հարցերի լուծումը դրվել է տնտեսական խնդիրներից առաջ: Բոլորս գիտենք, որ դա լավ ավարտ չունեցավ:
Մեկ այլ սկզբունք ՝ եվրասիական ինտեգրացումը պետք է ապահովի անդամների հավասար ներկայացվածություն: Յուրաքանչյուր երկիր պետք է հասկանա եւ տեսնի այդ գործընթացներին մասնակցելու ուղղակի օգուտներն իր համար: Իհարկե, ինտեգրացվող երկրները պետք է միավորվեն իրավահավասարության, եւ ինքնիշխանության նկատմամբ հարգանքի պայմաններում, այսինքն՝ համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի հիման վրա: Երկխոսություն, կողմերի դիրքորոշումների վերաբերյալ հարգալից վերաբերմունք, նրանց շահերի հիման վրա կայացած փոխշահավետ կոմպրոմիս՝ սրանք են եվրասիական շինարարության հիմնական գործիքները: Հենց այս սկզբունքների պահպանումը որպես անկյունաքար՝ հանդիսանում է Միասնական տնտեսական միության հաջողության գլխավոր նախադրյալը:
-Որքանո՞վ արդյունավետ կարող է լինել խորհրդարանների դերն այս գործընթացում.
-Խորհրդարանը իր նշանակալի ներդրումն ունի միասնական տնտեսական տարածքի ձեւավորման, եվրասիական տնտեսական միության ստեղծման գործընթացում ՝ վավերացնելով միջազգային համաձայնագրերը, ապահովելով ինտեգրացիոն գործընթացների իրավական բազան եւ նրա օրենսդրական բովանդակությունը, հետեւաբար եւ՝ արդյունավետությունը: Ելնելով դրանից՝ կարծում եմ, որ մենք պետք է զարգացնենք եւ կատարելագործենք միջխորհրդարանական համագործակցության մեխանիզմները՝ ինչպես երկկողմ շփումները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության վեհաժողովի հարթակը՝ ապահովելով խորհրդարանականների համար փորձի փոխանակման, համատեղ քննարկումների եւ կոորդինացված օրինաստեղծ աշխատանքի դաշտը : Դա կբերի ազգային օրենսդրության ներդաշնակեցման գործընթացի ակտիվացման, ինչպես նաեւ, կնքված միջազգային պայմանագրերը վավերացնելու համար ներպետական արարողակարգերի ժամկետների կրճատմանը:
– Տիկին Նաղդալյան, երեկ նիստի ընթացքում փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ՝ կապված մի քանի պատգամավորների նստելու տեղերի հետ, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության, որից հետո նրանք լքեցին դահլիճը՝ ընդհանրապես չմասնակցելով նիստին: Իսկապես կա՞ր նման խոչընդոտ:
– Մեր հանձնաժողովը բավական մեծ թվով պատգամավորներ է ներառում, անգամ երկկողմ պայմանավորվածությամբ՝ 20 հոգու փոխարեն, 28-ն են, եւ դահլիճն էլ արդեն մի քիչ կարծես փոքր է մեզ համար: Ցավում եմ այդ հանգամանքի համար եւ կուզեի, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված մեր պատգամավորները , ովքեր եթե իրոք շահագրգիռ էին եւ ունեին խնդիրներ քննարկելու եւ բարձրաձայնելու, ապա հարմարվեին որոշ տեխնիկական՝ ասենք իրենց կարծիքով ոչ պատվաբեր՝ նիստը նախագահողներից մի քիչ հեռու նստելու հանգամանքի հետ եւ մասնակցեին հանձնաժողովի աշխատանքներին: