Փաստորեն մենք խաբվեցինք էլի. ԲՀԿ պատգամավոր
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հարցրեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, թե գյուղմթերքեների արտահանման համար ինչ աջակցություն է նախատեսվում՝ հաշվի առնելով, որ եկող տարվա հունվարի մեկից մենք պատրաստվում ենք անդամակցել ԵՏՄ-ին: ՛՛Այդպիսի գումարներ բյուջեում չկան, դրա համար ես հարց եմ տալիս ձեզ՛՛,-ասաց նա:
Պատգամավորը նաև նշեց, որ այս հանձնաժողովի և ջրային պետական կոմիտեի հետ համատեղ քննարկումների ժամանակ հանձնաժողովը ներկայացրել է, որ Սևանի ջրառը մեղացվելու համար կառուցվելու են չորս ջրամբարներ, սակայն բյուջեում միայն երկուսն են ընդգրկված, և հարցրեց, թե ինչու մյուս երկուսը չեն կառուցվելու 2015-ին:
Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ հանձնաժողոների քննարկման ժամանակ արդեն մի քանի անգամ ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ հարց է եղել, և ինքը բացատրել է, որ այդ հանգամանքը հաշվի չի առնված, քանի որ այն ժամանակ, երբ բյուջեն էր կազմվում, համաձայնագիրը ստորագրված չի եղել: ՛՛Ընդ որում համաձայնագիրը կնքված չէ նաև հիմա, այն ենթակա է հաստատման, դուք պատկերացնո՞ւմ եք, որ մենք դրա հետևանքները հաստատենք ու արտացոլենք պետական բյուջեում, երբ Ազգային ժողովն այն դեռ չի հաստատել: Մենք չենք կարող արտացոլել, մինչև չհաստատվի՛՛:
Ինչ վերաբերում է Եղվարդի և Մաստարայի ջրամբարներին, որոնց կառուցման մասին ոչ մի խոսք չկա, ապա փոխնախարարն ասաց, որ այստեղ ոչ մի միտումնավոր բան չկա: Նա հայտնեց, որ դրանց կառուցման համար դեռևս չկան այդ վարկային ծրագրերը, համաձայնագիրը: ՛՛Երբ կլինի դա, մենք կարտացոլենք նաև բյուջեում: Բյուջեում արտացոլված են այն վարկերն ու դրամաշնորհները, որոնք իրավական հիմք ունեն՛՛,-նկատեց նա:
Մախսուդյանն արձագանքեց. ՛՛Ցանկացած ընտանիք, եթե ամուսնացնելու երեխա ունի, եթե նպատակ ունի էլի, ինչ-որ մի գումարի ձեռք չի տալիս, այլ պահուստային ֆոնդում կնախատեսի, որպեսզի եթե այս ամիս չէ, մյուսին ամուսնացնի: Դուք պահուստային ֆոնդում նախատեսե՞լ եք…մենք գիտենք, որ գնում ենք Եվրասիական միություն, որոշակի գումար կա՞, որ այդ ժամանակ հանենք ու ծախսենք՛՛:
Ջրամբարների վերաբերյալ ԲՀԿ պատգամավորը շեշտեց, որ իրենց հավաստիացրել են, որ այդ վարկային ծրագրերը հաստատված են: ՛՛Փաստորեն մենք խաբվեցինք էլի: Սևանի վիճակը, սենց ա դուրս գալիս, որ եկող տարի ավելի կծանրանա, էդ էլ էդպես՛՛:
Նա նաև հարց բարձրացրեց գյուղերի տեխնիկական հագեցվածության վերաբերյալ: ՛՛Գյուղնախարարն ի՞նչ միջոցներով պիտի լուծի այդ խնդիրն, ի՞ր միջոցներով մնացածը պետք է կատարի՛՛: Պավել Սաֆարյանն ասաց, որ պահուստային ֆոնդը չնախատեսված ծախսերն է ընդգրկում, և եթե այնտեղ գումար նախատեսված լիներ,դա այլևս պահուստային ֆոնդ չէր դառնա: ՛՛Անունն ուրիշ դրեք՛՛,-կատակեց ԲՀԿ պատգամավորը, ինչին Սաֆարյանը պատասխանեց, որ կփոխեն անունն այն ժամանակ, երբ համաձայնագիրը կվավերացնի Աժ-ն: Փոխնախարարը նաև զարմացավ՝ ինչպես կարող էր պատգամավորը չիմանալ, որ վարկերը դեռ ստորագրված չեն: Տեխնիկական հագեցվածության վերաբերյալ էլ նա ասաց, որ գյուղնախարևարը կպատասխանի, հակառակ դեպքում թող իր զայրույթը հայտնի: