Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկրորդ բաց նամակն է հղել ՀՀ գլխավոր դատախազին։
«Երբ N1 բաց նամակով դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին (մամուլից տեղեկանալով, որ նրա մոսկովյան այցի ժամանակ հայ ռազմագերիների հարցի հետ մեկտեղ շրջանառվել է Ադրբեջանի կողմից իմ նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցը), ակնկալում էի բացատրություն, իրավաբանական պատասխան՝ սպառիչ և հստակ հղումներով։ Այնինչ ստացա քնարական զեղումներով, իրավական մասնագիտական հարթությունից դուրս, լղոզված մի շարադրանք, որտեղ երեք անգամ օգտագործվում է «տարակուսանք» բառը (հոմանիշներից մեկը՝ զարմանք), և հետևություն արեցի, որ պարոնայք դատախազները շատ զարմացած են։ Սակայն իրականում ոչ միայն դատախազության պատասխանը, այլև դատախազության գործունեությունն ինքնին այս դեպքում ոչ թե տարակուսելի է, այլ տարօրինակ:
Պարզաբանեմ. դատախազության պատասխանում պարունակում է հղում իրենց պաշտոնական հաղորդագրություններին, որում գնահատական են հնչեցրել Ադրբեջանի զինված ուժերի և այդ զինված ուժերում ներգրավված ահաբեկչական խմբավորումների կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակչության դեմ կատարված մի շարք, այդ թվում՝ միջազգային հանցագործությունների վերաբերյալ:
Ակնհայտ է, որ դատախազությունն ունի ավելի լայն լիազորություններ, քան հասարակական կազմակերպությունները, և բացի հաղորդագրություններ տարածելուց պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր: Մասնավորապես, եթե ՀՀ դատախազությունը իրապես հարուցել է քրեական գործեր պատերազմական հանցագործությունների առնչությամբ, ապա իսկապես տարօրինակ է, որ մինչև այսօր որևէ մեկը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունից, հատկապես նման գործողությունների հրաման տված պաշտոնատար անձինք չեն ներգրավվել որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ ևս չի հայտարարվել հետախուզում:
Դատախազությունը պատերազմի ընթացքում տարածում էր լայնածավալ հաղորդագրություններ (Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում…), բայց արդյունքում ոչ միայն ադրբեջանցի ոչ մի հրամանատարի կամ ռազմաքաղաքական ղեկավարի պատասխանատվության չեն կանչել, այլև արդյունքում Ադրբեջանն է հետախուզում հայտարարում իմ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ: Այս հանգամանքը, իսկապես, տարօրինակ չէ՞, տարօրինակ է:
Ես մասնակցել եմ ինչպես 1991-1994թթ․, այլև ապրիլյան պատերազմին, սակայն Ադրբեջանի իրավապահ մարմինները երբեք չեն հանդգնել ոչ իմ, ոչ էլ որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, առավել ևս՝ հայտարարել հետախուզում: Իսկ այս 44-օրյա պատերազմից հետո, երբ ես և ամբողջ հայ ժողովուրդը պաշտպանում էինք մեր հայրենիքը ադրբեջանական ագրեսիայից, արդյունքում իմ և Արցախի ղեկավարների նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Տարօրինակ չէ՞, տարօրինակ է: Դատախազության պատասխանում նշվում է, որ ապօրինի հետախուզումների հարցը բարձրացվել է ՌԴ դատախազի հետ հանդիպման ժամանակ: Այսինքն, դուք ընդունում եք, որ ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, սակայն չի՞ բարձրացրել ապօրինի հետախուզումների հարցը և այդ մասին խոսել է միայն ՌԴ դատախազի հետ: Համաձայնեք, որ սա արդեն ոչ թե տարօրինակ է, այլ զավեշտ: Այստեղ շատ հետաքրքիր է, եթե այդ հարցով չեն խոսել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, ապա ինչ ավելի կարևոր հարց կարող է լինել, բացի ռազմագերիների և ապօրինի հետախուզումների հարցը:
Տարօրինակ չէ՞, տարօրինակ է: Դատախազության գործունեության մեջ և պատասխանում կա մեկ օրինաչափություն: Օրինաչափությունն այն է, որ իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը: Տարօրինակ չէ՞, ոչ սա օրինաչափ է:
Իսկ ինչ վերաբերում է ինդուլգենցիային, ապա եթե դուք խորությամբ հասկանայիք այդ տերմինի իմաստը, չէիք օգտագործի, քանի որ դուք եք ձեր պաշտոնն ինքնին դիտարկում որպես ինդուլգենցիա՝ ապօրինի և շինծու քրեական գործեր հարուցելով և ապօրինի մեղադրանքներ կազմելով, ինչը, վստահ եղեք, ժամանակավոր է և կունենա իրավական հստակ ձևակերպումներ ապագայում: Եվ վերջապես, ափսոսում եմ, որ ՀՀ դատախազության գործունեությունը սահմանափակվում է իր կողմից տարածված հաղորդագրություններով, իսկ գործունեության արդյունավետությունը՝ այդ հաղորդագրությունների քանակով և ծավալով և ոչ թե իրավական, այդ թվում՝ միջազգային իրավական հարթությունում հայ ռազմագերիների կամ ապօրինի հետախուզումների հարցերը փաստացի լուծելով: Ամո՛թ», – ասված է Օհանյանի երկրորդ բաց նամակում։