Կառավարությունն առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար ամսական գանձվող 1000 դրամները բարձրացնել 1500-ից մինչեւ 15 հազար դրամ․ Հրապարակ
Երկուշաբթի, հավանաբար, ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի։ Կառավարությունն առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար ամսական գանձվող 1000 դրամները բարձրացնել 1500-ից մինչեւ 15 հազար դրամ՝ ըստ աշխատավարձի չափի։ Մինչեւ 100 հազար դրամ եկամտի դեպքում՝ 1500 դրամ, 100 հազարից մինչեւ 200 հազարի դեպքում՝ 3 հազար, մեկ միլիոնից ավելիի դեպքում՝ 15 հազար։ Կառավարության հիմնավորմամբ՝ նոր առաջարկը հիմնադրամի շահառուների թվի կտրուկ ավելացմամբ է պայմանավորված։ Դեռ անցած ամիս կառավարությունն առաջարկում էր բոլոր աշխատող քաղաքացիներից, անկախ աշխատավարձի չափը, 1000 դրամի փոխարեն 3 հազար գանձել, սակայն ըստ ամենայնի հասկացան, որ դա անարդար մոտեցում է, եւ դժգոհություն կբարձրանա։
Իսկ այսօր ԱԺ-ում տեղի կունենա աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել է ԲՀԿ-ն։ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության եւ անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով քննարկմանը ներկա կլինեն սահմանամերձ գյուղերի համայնքապետեր, որոնք կբարձրաձայնեն հետպատերազմյան իրավիճակի մարտահրավերների ու խնդիրների մասին։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։