Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել․ Փաշինյանը ներկայացրել է պաշտպանության նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ կատարած աշխատանքի համար և Վաղարշակ Հարությունյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
«Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար: Եվ, ընդհանրապես, ակնհայտ է, որ բանակի և Զինված ուժերի բարեփոխումների անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Եվ այլ հարց է, թե այդ բարեփոխումներն ի՞նչ տրամաբանությամբ պետք է ընթանան, ի՞նչ ժամանակացույցով պետք է ընթանան, ի՞նչ հարցերի պետք է անդրադառնան: Շատ կարևոր է, որ մեր բանակում և Զինված ուժերում եղած առողջ ու մրցունակ ավանդույթները, տրամաբանությունը չվնասելով՝ կարողանանք կառուցել նոր տրամաբանություն, նոր մարտավարություն, նոր ռազմավարություն, որը հաջողությունների կբերի մեր բանակին, մեր Զինված ուժերին: Որովհետև մեր երկրի անվտանգության երաշխավորը հենց Զինված ուժերն են, հենց բանակն է»,- ասել է վարչապետը:
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իր խոսքում նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, մեարծարգո պարոն նախարար, ես արդեն հնարավորություն եմ ունեցել իմ հրապարակային խոսքում հայտնել իմ կարծիքը, իմ մոտեցումները: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում անձնակազմին, որի հետ անցկացրեցինք այս դժվարին օրերը: Ունենք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում»: Դավիթ Տոնոյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր փորձը փոխանցել նորանշանակ նախարարին՝ այս շատ դժվարին ու բախտորոշ փուլում հաղթահարելու բոլոր խնդիրները:
Նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության համար և նշել, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել. «Իրավիճակը կապված է տարածաշրջանում Թուրքիայի գործունեության հետ, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության և պատերազմից հետո ստեղծված այն իրավիճակի հետ, որը մենք ունենք: Ես համոզված եմ, որ մենք սպայական կազմով, պահպանելով այն դրականը, ինչ որ ունեինք բանակում, կարճ ժամանակում կնախապատրաստենք, կգնահատենք արդյունքները, սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները և կնախապատրաստենք բարեփոխումների նոր փաթեթ, որը Ձեզ կզեկուցենք»:
Հանդիպման վերջում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ բոլորին հաջողություններ է մաղթել: