Բոլորին հետաքրքրում է Շուշանի աթոռից ընկնելը … /վիդեո/
“Կարին” ազգագրական երգի պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի կարծիքով, Ազգային երգի ու պարի պրոպագանդման գործում թերանում են հեռուստաընկերությունները:
Բացի սրանից պետք է ծրագրի համար լինի պետական աջակցություն, բայց չգիտես ինչու պետությունը աջակցում է ոչ բարձրաճաշակ մշակույթի ֆինանսավորմանը:
“Նախընտրական շրջանում որեւէ կուսակցության շուրթերից չհնչեց այս խնդիրը: Այն լուծելու համար, սակայն, նախ եւ առաջ պետք է պետության հոգածությունը, պետք է մինչեւ 24:00-ն սարսափ ֆիլմեր չցուցադրեն, հնչի բացառապես մաքուր հայերենով խոսք, պարբերաբար եթերը պետք է տրամադրվի հայկական մշակույթին նվիրված ֆիլմերին:
Ասում են` դաշտը ազատ է թողնված. բայց ազատ թողած դաշտում աճում է միայն մոլախոտ, իսկ ինձ համար ռաբիսը մոլախոտ է, որը պետք է քաղհան արվի: Մինչեւ մեր պետությունը` որպես լավ իմաստով այգեպան, չքաղհանի անհասկանալի հայերենով երաժշտությունը, մենք մշակույթի լուրջ զարգացման մասին խոսել չենք կարողանա: Դատարկ երգ ու պարով հայ չես դաստիարակի”,-ասաց Գինոսյանը:
Պատգամավոր Շուշան Պետրոսյանի խոսքով, հենց հովանավորության բացակայության պատճառով լավ արտիստները չեն երեւում եթերում, իսկ ռաբիսին չպետք է կարեւորություն տալ:
“Ազգային մշակույթը քարկոծելը քաղքենիություն է: Սովետական միության օրոք, երբ ամեն ինչ ավելի փակ էր, չկար շնչելու օդ, շատ ավելի հնարավորություն կար պահպանելու ազգային մշակույթը, այնպիսի հաղորդումներ կային, որ այսօր` այս ազատության մեջ, չեն ներկայացվում”,- հայտարարեց Հայաստանի վաստակավոր արտիստը: Նրա խոսքով, եթե մի համերգի ժամանակ Շուշան Պետրոսյանը ընկնի աթոռից, բոլորն այս մասին կգրեն, սակայն ոչ մի լրագրող չի նկատում այդ պահին բեմում ընթացող գեղեցիկ երգ ու պարը: Պատգամավորի կարծիքով, սա էլ է խնդիր, որ պետք է ելք գտնել:
“Հայֆոն” շարժման անդամ Նունե Հայրապետյանի խոսքով, իրենք պայքարում են ազգային երգը տարբեր շրջանակներում տարածելու համար, եւ արդեն մեծ թվով ակտիվիստներ ունեն. “Մեր անդամները մասնագիտությամբ լրագրողներ են, որոնք կրթություն են ստացել տարբեր հայտնի կատարողների մոտ, եւ տարբեր վայրերում հավաքում են երեխաներին, ու դասավանդում ազգային երգը”,- ասաց նա: Միաժամանակ համացանցում կստեղծվի կայք, որտեղ եւ Ազգային երգն ու պարը կքարոզվի: