Թմրամոլների թիվը Հայաստանում աճել է
Ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը մամուլի ասուլիսում ներկայացրեց 2014թ. 9 ամսվա ոստիկանության իրականացրած աշխատանքը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ:
2014 թ. հունվարից մինչեւ սեպտեմբեր ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 883 դեպք է հայտնաբերվել՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 94-ով պակաս:
Թմրամիջոց գործածելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 362 անձ, իսկ թմրամիջոց պարունակող բույս աճեցնելու համար՝ 32 անձ:
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել եւ առգրավվել է 882 կգ 84 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 40 գրամ հոգեմետ նյութ, երկուսուկես լիտր պրեկուրսոր:
Հայտնաբերվել է նաեւ բնակչության կողմից աճեցված երկու տոննա 261 կգ կանեփի եւ 26 կգ կակաչի բույս:
Ոլորտի պատասխանատուն նշեց, որ Հայաստանում ներկայումս գրանցված է 5271 թմրամոլ, նախորդ տարի 5022-ի փոխարեն: Ուժեղացրել են կանխարգելման աշխատանքները, կազմակերպվել է թմրանյութերի ներմուծման նախականխումը Հայաստան. “Թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ուղղությամբ անցկացնում ենք դաստիարակչական քայլեր: Դպրոցներում տարվում են դասեր: Երեխաներին նաեւ ցույց ենք տալիս, թե այսպես կոչված բենզինիստների վախճանն ինչով է ավարտվում”,-ասաց նա: