Ինչու իսլամիստները պայթեցրին հայկական եկեղեցին սեպտեմբերի 21-ին

Իրաքի հյուսիսում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները տեղավորվում են “Իսլամական պետության” ու բոլոր ահաբեկչական խմբավորումների գործողությունների շրջանակում: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով ISIS գրոհայինների կողմից Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին պայթեցնելուն:
“Եթե Իրաքի դեմ իրականացվող հարվածները երաշխավորվում են միջազգային հանրության կողմից, ապա Սիրիայի պարագայում այդպես չէ, եւ այս հարցում շուտով բավական լուրջ խնդիրներ կառաջանան Ռուսաստանի, Սիրիայի ու Միացյալ Նահանգների միջև”,- ասաց նա:
Արաբագետի խոսքով` Թուրքիան առաջին պետությունն է, որ բանակցությունների մեջ է մտել “Իսլամական պետության” հետ: “Մինչ այդ, ոչ մի ուրիշ պետություն չէր համագործակցում: Դրա ապացույցն է Թուրքիայում 49 թուրք դիվանագետների` աշխատանքից ազատման փաստը: Բացի այդ, խոսվում է նաև այն մասին, որ Թուրքիան ճանաչել է “Իսլամական պետությունը””,- ասաց բանախոսը:
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ թուրքական մամուլն այդպես էլ չի անդրադարձել այն փաստին, որ գրոհայինները պայթեցրել են Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
“Սա խորամանկ քայլ է նրանց կողմից: Այս լուրին անդրադարձել է միայն հայկական “Ակօս”-ը և մեկ քրդական կայք` “Ակօս”-ին հղում տալով: Սա հետևյալ տրամաբանությանն է տանում` եթե արձագանք չկա մամուլում, բնականաբար, նաև Թուրքիայի իշխանությունը չի պատասխանի երևույթին: Միայն ուղիղ հարցին նրանք ստիպված կլինեն պատասխանել, իսկ պատասխանից էլ մեծ ակնկալիք պետք չէ ունենալ:
Ասելու են` մենք դատապարտում ենք նման գործողությունները` սրբավայրերի պայթեցումը` անկախ կրոնական պատկանելությունից, չի խրախուսվում, և որպես օրինակ` Աղթամարում վերանորոգված հայկական եկեղեցին են նշելու,- ասաց թուրքագետը` նշելով, որ այն, որ Թուրքիան համագործակցում է ISIS-ի հետ, փաստ է:
Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ նշեց, որ իրականում, պայթեցնելով հայկական եկեղեցին, մուսուլման ահաբեկիչները ցանկանում էին ուշադրության կենտրոնում հայտնվել. “Նրանք ուզում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել և կուռք դառնալ երիտասարդ մուսուլմանների համար:
Կարելի է արդյոք խորհրդանշական կապ տեսնել պայթեցումից մեկ օր առաջ Մեծի Տանն Կիլիկիո Արամ 1-ին կաթողիկոսի հայտարարության /Արամ Ա-ն հայտարարեց Կիլիկիո կաթողիկոսական աթոռը վերադարձնելու մասին-հեղ./, ՀՀ անկախության տոնի ու պայթյունի միջև:
՛՛Այն, ինչ տեղի է ունենում հայ համայնքի դեմ, միանշանակ, միտումնավոր է”,- համոզված է Արմեն Պետրոսյանը: