Մեր պայքարն ավարտված չէ, քանի դեռ Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ. Սերժ Սարգսյանի ուղերձը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ քույրեր եւ եղբայրներ՝ Արցախում, Մայր հայրենիքում եւ Սփյուռքում,
Շնորհավորում եմ բոլորիդ համահայկական տոնի՝ Արցախի անկախության օրվա առթիվ:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ վտանգի մեջ գտնվող արցախահայությունը իր պատմական հայրենիքի մի հատվածում, այդ ժամանակ գործող բոլոր իրավական եւ միջազգային նորմերին համապատասխան, հաստատուն որոշում կայացրեց Արցախը հռչակել անկախ պետություն, քաջ գիտակցում էր, որ չափազանց թանկ է վճարելու այդ որոշման համար, որին աներկբա սատար կանգնեց ամբողջ հայությունը: Իր բազմաթիվ զավակների կյանքի գնով, պատերազմի արհավիրքների ու զրկանքների միջով անցնելով՝ մեր ժողովուրդը հերոսաբար պաշտպանեց արցախահայության անկախ, ազատ եւ արժանավայել ապրելու իրավունքը:
Մենք բոլորս միասին անցանք հերոսական այդ ճանապարհը, հետո միասին շարունակեցինք պայքարը նորանկախ պետության կայացման, պետականության ամրապնդման ու արցախահայության բարօրության ապահովման համար:
Դրանք ոչ պակաս դժվարին պայքարի տարիներ էին՝ պաշտպանության բանակի կազմավորումից մինչեւ պետական ինստիտուտների ձեւավորում, բնակչության կենսագործունեության համար բնականոն պայմանների ստեղծում:
Այսօր վստահորեն կարող ենք փաստել՝ մենք պատվով ենք անցել ազատամարտի եւ պետականաշինության ճանապարհը: Վկան՝ կայացած եւ տարեցտարի զարգացող ու հզորացող Արցախի Հանրապետությունն է:
Շուրջ երեք տասնամյակ բոլոր դժվարությունները հաղթահարելի էին, քանի որ Արցախն իր թիկունքին մշտապես զգացել է համայն հայության՝ Մայր Հայաստանի եւ Սփյուռքի զորակցությունը: Այդ եռամիասնության ուժը մեր հաղթանակների գրավականն է, եւ ցանակացած ոք, ով քաղաքական կամ այլ շահերով պայմանավորված կհանդգնի խաթարել այն, թուլացնել մեր ազգային ոգին եւ դիմադրողականությունը, անկասկած, ներում չի ունենա ու կարժանանա նաեւ պատմության դատին:
Արցախը մշտապես եղել է եւ պետք է շարունակի մնալ մեր միասնության ու հաղթանակների խորհրդանիշը:
Այս նվիրական օրը գլուխ եմ խոնարհում բոլոր այն հերոսների, իմ բազմաթիվ մարտական ընկերների հիշատակի առջեւ, ում հետ պատիվ եմ ունեցել անցնել Արցախի անկախության համար հերոսական պայքարի ճանապարհը:
Փա՛ռք հանուն Արցախի նահատակված մեր բոլոր քաջորդիներին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր պայքարն ավարտված չէ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, քանի դեռ Արցախի պետական սահմանների նկատմամբ թշնամին ոտնձգություններ է կատարում, եւ մեր քույրերի ու եղբայրների անվտանգությունը լիովին ապահովված չէ:
Կրկին շնորհավորելով համազգային տոնի՝ Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթում եմ հարատեւ խաղաղություն, բարօրություն եւ ամուր հավատ ապագայի նկատմամբ:
Արցախը կատարել է իր ընտրությունը եւ այլեւս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Կեցցե՛ ազատ եւ անկախ Արցախի Հանրապետությունը։
Կեցցե՛ հայ ժողովուրդը: