Մարդիկ, ովքեր տուգանվելուց հետո ցուցադրաբար դիմակ չէին կրում, հիմա կորոնավիրուսը հարմարավետ տեղավորվում է այդ մարդկանց շրջանում. Վարչապետ
Շարունակվում է հիբրիդային պատերազմը կորոնավիրուսի թեմայով, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա շարունակվում է ապատեղեկատվություն տարածելու միջոցով, ես տեսնում եմ, որ սոցիալական ցանցերում գրառումներ կան, որ կառավարությունը, կորոնավիրուսից օգտվելով, ասում է «իրար հանդիպելիս մի համբուրվեք, սրանով նրանք նպատակ ունեն մեր ազգային ինքնությունը արմատախիլ անել»: Ասենք, էդ երբվանի՞ց ա փողոցում հանդիպել, համբուրվելով բարևելը դառել մեր ազգային ինքնագիտակցության մասը, ասենք, Եղիշե Չարենցն ու Հովհաննես Թումանյանը, որ փողոցում հանդիպել են, իրար գրկել, փաթաթվել, համբուրել են, հա՞, կամ Ավետիք Իսահակյանն ու Մարտիրոս Սարյանը, նման պատմական տվյալների ես չեմ տիրապետում», – ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց սխալն այն էր, որ արտակարգ դրության իրավական ռեժիմից հանեցին տեղեկատվության հետ կապված մասերը:
«Ով ինչ ուզում, ասում ա, մեկն ասում է կորոնավիրուս չկա, մեկն ասում ա չիպ են դնում, ասում են հյուրանոցներում ոչ մի մեկուսացված մարդ չկա, ասում են մի տեղ գեյերի ժողով ա, մի տեղ նատուրալների ժողով ա, մյուս տեղում հակահայկական ժողով ա, մյուսում պրոթուրքական ժողով ա: Այս պրոբլեմը կա ու սրա հետ առերեսվում ենք: Վատ լուրն այն է, որ այն մարդիկ, ովքեր ցուցադրաբար դիմակ չէին դնում, նույնիսկ տուգանվելուց հետո ցուցադրաբար դիմակներ չէին կրում , հիմա կորոնավիրուսը հարմարավետ տեղավորվում է այդ մարդկանց շրջանում, ես չեմ կարող տվյալներ հրապարակել», – ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ շրջանակներից կան մարդկիկ, որ չեն ուզում ասել, որ կորոնավիրուսուվ վարակվել են:
«Մի մասը գնում, թաքուն տեղերում են մեկուսանում», – ասաց վարչապետը: