Ե՞րբ եք ԱԺ գալու ծխախոտի մաքսանենգության, ադամանդի արտահանման, երկաթի թափոնների ապօրինի արտահանման քրեական գործերով. Իվետա Տոնոյանը՝ գլխավոր դատախազին
Նոր Հայաստան, հին բարքեր։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդումը չունի որևէ իրավական հիմք, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։
«Պարո՛ն Արթուր Դավթյան, Դուք նոր Հայաստանում հին Հայաստանի ամենավատ ավանդույթների կրողն եք և իրավունք չունեք աշխատել որպես գլխավոր դատախազ։ Գալու է դրա ժամանակը։ Ուզում եմ հարցնել, ի՞նչ եք Դուք անում։ Դուք անսխալական չեք։ Սա հանրության ուշադրությունը տիրող խայտառակ իրավիճակից շեղելու անհաջող փորձ է։ Պարո՛ն Արթուր Դավթյան, եթե շարունակեք պաշտոնավարել, ե՞րբ եք խորհրդարան գալու ապօրինի ծխախոտի մաքսանենգության գործով, ադամանդի արտահանման գործով, երկաթի թափոնների ապօրինի արտահանման քրեական գործերով պատգամավոներին անձեռնմխելիությունից զրկելու գործով։ Ենթադրում եմ, որ հարցս պատասխան չի ունենալու, որովհետև Դուք այդ հարցով «սուպեր»-ով հրահանգ չեք ստացել», – հայտարարեց Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանում քննարկվում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան« խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։