Ինչո՞ւ վարչապետի հայտարարած սենսացիան չկայացավ. 168.am
168.am-ը գրում է․ «Գրեթե 1 ամիս առաջ՝ հանդես գալով Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ի հեճուկս ընդդիմախոսների՝ Հայաստանում համավարակի հետ կապված ոչ մի սոցիալական կոլապս և ճգնաժամ չկա։ Ընդհակառակը՝ իրենց հաջողվել է այնպես կառավարել ճգնաժամը, որ կարող ենք վստահ խոսել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին։
Իր ասածները համոզիչ դարձնելու համար վարչապետը հրապարակեց որոշ թվեր՝ աշխատատեղերի ու աշխատավարձերի վերաբերյալ, դրանք համարելով սենսացիոն։
«Արդյոք կառավարությունն ունի՞ ցուցանիշներ, որոնցով մենք կարող ենք արձանագրել՝ ի վերջո, Հայաստանի Հանրապետությունում սոցիալական կոլապս, սոցիալական ճգնաժամ կա՞, թե՞ ոչ։ Ես հիմա ուզում եմ հրապարակել տվյալներ, որոնք, իմ կարծիքով, սենսացիոն են. 2020թ. ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում եղել է արձանագրված 620.905 աշխատատեղ։ Խոսքը միայն այն աշխատատեղերի մասին է, որոնցով մարդիկ ստացել են աշխատավարձ, այդ աշխատավարձի համար ներկայացվել է եկամտային հարկի հաշվարկ և վճարվել է եկամտային հարկ։ 620 հազար մարդ ստացել է աշխատավարձ ապրիլի 29-ի դրությամբ։ Ես ուզում եմ ընդգծել, որ փետրվարին, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում եղել է 618 հազար աշխատող։ 2019թ. ամռանը մենք առաջին անգամ արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղերը հատել են 600 հազարի սահմանը։ Բայց մենք հիմա ճգնաժամի պայմաններում, գոնե այսօրվա դրությամբ, ճիշտ է, անկանխատեսելիությունը մեծ է, մենք մայիսին չգիտենք՝ ինչ կլինի, բայց ապրիլի 29-ի հաշվետվություններով Հայաստանում ավելի շատ աշխատավարձ ստացող մարդ է եղել, քան փետրվարի դրությամբ։ Ընդ որում, ապրիլին աշխատավարձի ֆոնդը կազմել է 123 մլրդ 883 մլն դրամ, իսկ փետրվարին՝ 119 մլրդ 700 մլն դրամ։ Այսինքն՝ ապրիլի դրությամբ քաղաքացիները մոտավորապես 3-4 մլրդ դրամ ավելի շատ աշխատավարձ են ստացել, քան փետրվարին։
Սա ինչի՞ համար եմ ասում՝ ցույց տալու համար, որ, այո՛, արձանագրում եմ, որ կառավարությանն այսօրվա դրությամբ հաջողվել է ճգնաժամը կառավարել այնպես, որ մենք կարող ենք վստահ խոսել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին»։
Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է մայիսի 6-ին, երբ Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները։ Դժվար է ասել, հայտարարությունն անելիս վարչապետը իսկապես չգիտե՞ր՝ ինչ է կատարվում աշխատաշուկայում, թե՞ գիտեր, բայց միտումնավոր թաքցնում էր։ Իսկ կատարվում էր այն, որ աշխատատեղերն իրականում ոչ թե ավելանում էին, այլ պակասում։
«4 ամսվա տվյալներով՝ շուրջ 12 հազար աշխատակից ազատվել է աշխատանքից, այսինքն՝ աշխատատեղերի քանակն այդքանով պակասել է»,- օրերս հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։
Ենթադրվում է, որ աշխատատեղերի կրճատումը տեղի է ունեցել հիմնականում մարտ-ապրիլին։ Բայց միայն դա չէ։ Կա նաև այլ՝ ոչ պակաս մտահոգիչ տվյալ։
Վիճակագրության ծառայության տվյալներով՝ շուրջ 9 հազար կազմակերպություններում գրանցված ավելի քան 31 հազար մարդ՝ չնայած փաստացի համարվել է աշխատանք ունեցող, այնուհանդերձ ապրիլին աշխատավարձ չի ստացել։ Այսինքն՝ եկամուտ չի ունեցել։ Ու այդ մարդիկ պատկանում են աշխատողների այն խմբին, որոնց աշխատավարձը տատանվում է հիմնականում 80 հազարի դրամի սահմաններում։
Ակնհայտ է, որ գործ ունենք սոցիալապես առավել անապահով հատվածի հետ։ 31 հազարը բավական լուրջ թիվ է, ինչը ենթադրում է, որ դրա հետևում կանգնած է առնվազն մի քանի անգամ ավելի մարդ։ Այդքան գրանցված և աշխատանք ունեցող մարդու սոցիալական վիճակը վատացել է։
Չհաշված այն 12 հազարը, ովքեր ապրիլին կորցրել են ոչ միայն՝ իրենց աշխատավարձը, այլև՝ աշխատանքը։
Իսկ քանի՞ հազար մարդ մինչ այդ Հայաստանում աշխատանք չուներ։ Անցած տարվա վերջի տվյալներով՝ գրանցված էր ավելի քան 202 հազար գործազուրկ։
Այս տարվա տվյալները դեռ չեն հրապարակվել։ Բայց պարզ է, որ ունենալու ենք գործազրկության բավական կտրուկ աճ։ Բավական է միայն այն, որ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ զրկվել են արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից, իսկ ներսում անիմաստ է մտածել աշխատանք գտնելու մասին։
Սրանք սոցիալական տարբեր խմբեր են, որոնք այս կարճ ժամանակահատվածում հասցրել են կորցնել իրենց եկամուտները։ Ու նրանք մենակ չեն. նրանց մեծ մասի հետևում նաև ընտանիքներ են կանգնած։
Հիմա այդ մարդկանց սոցիալական վիճակը վատացե՞լ է, թե՞ ոչ, հիմա սա սոցիալական կոլա՞պս է, թե՞ ոչ։
Այս հարցի պատասխանը թողնում ենք վարչապետին։ Բայց անկախ նրանից, թե նա ինչ կասի, մի բան ակնհայտ է, որ համավարակը չարիք է դարձել ոչ միայն տնտեսության համար, այլև դրա հետևանքով երկրում սրվել է և օր օրի շարունակում է խորանալ սոցիալական լարվածությունը։ Վտանգի տակ են հայտնվել տասնյակ-հազարավոր աշխատատեղեր։ Դրանց մի մասը փաստացի արդեն փակվել է, իսկ մյուս մասը կփակվի առաջիկայում։ Ոչ մի հույս չկա, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերականգնել այդ աշխատատեղերը։
1-2 ամիս առաջվա գնահատումներով՝ այս տարի Հայաստանում սպասվում է առնվազն 35-40 հազար աշխատատեղի կրճատում։ Բայց այդ գնահատականն այժմ արդեն հնացած է։ Աշխատատեղերի կրճատումը շատ ավելին է լինելու, քան կարելի էր պատկերացնել ընդամենը 1-2 ամիս առաջ։
Տնտեսական իրավիճակը երկրում շարժվում է ամենահոռետեսական սցենարով։ Ու դրա պատճառն այն է, որ կառավարությունը չկարողացավ ժամանակին միջոցներ ձեռնարկել համավարակը կոնսերվացնելու ուղղությամբ։ Այն գնալով տարածվեց՝ մեծացնելով տնտեսության վնասները։ Տնտեսությունը մտել է անկման փուլ և արագորեն խորանում է։
Որքան տնտեսական իրավիճակը վատանա, այնքան ավելի շատ կլինի նաև աշխատատեղերի կկրճատումը։ Կխորանա սոցիալական լարվածությունը։ Այսօր արդեն շատ-շատերը բախվել են այդ խնդրի հետ։
Մինչև ո՞ւր այն կհասնի, հայտնի չէ։ Կառավարությանն այդպես էլ չի հաջողվում ոչ միայն՝ զսպել համավարակի տարածումը, այլև՝ կարգի բերել տնտեսությունը։ Չեն արդարանում նաև կապիտալ ծախսերի հաշվին աշխատատեղը կամ աշխատանքի հնարավորությունը կորցրած քաղաքացիների աշխատելու և եկամուտներ ստանալու խնդիրները լուծելու ակնկալիքները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ