Օսկանյանն այնքան է հուզվել, որ արտասվել է
Հայաստանի նախկին արգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը այսօր լացել է: Նա դիտել է “Չենք լռելու” նախաձեռնության`“Հայաստանը դու ես, իսկ ես արտագաղթում եմ” վերնագրով տեսանյութը:
Օսկանյանը իր տեսակետը արտահայտել է “Ֆեյսբուք”-ի իր էջում:
“Անկեղծ ասած՝ տեսանյութը նայելիս աչքերս թրջվեցին:
Զուգահեռաբար օրվա լրատվության գերիշխող մասը, ինչպես միշտ, նույնն էր՝ փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, ճնշումներ, անհանդուրժողականություն: Ցավալին այն է, որ այդ ամենն ակնհայտորեն արվում է ոչ թե ինքնաբուխ, այլ պատվերով, ինչ-որ տեղերից ուղղորդված:
Այս ամենի արդյունքն այն է, որ մենք ունենք այդ տեսանյութի կնոջը, որը մարմնավորում է այսօրվա հայ ժողովրդին: Նա ճամպրուկը ձեռքին ոտքով գնում է դեպի օդանավակայան:
Այսօր արտագաղթի հիմնական պատճառը երկրում ստեղծված մթնոլորտն է: Իսկ դրա պատասխանատուն այն մարդիկ են, որոնք իրենց ձեռքում ունեն մթնոլորտի վրա ազդելու լծակները:
Հովհաննես Թումանյանը 1915թ. օգոստոսին հատուկ եկել էր Էջմիածին այդ օրերին ռուսական բանակի նահանջից հետո Արեւմտյան Հայաստանից մոտ 150 հազար հայ գաղթականների օգնությունը կազմակերպելու համար: Թումանյանը շոգ օրվա ծանր աշխատանքից հետո, երբ պատրաստվում էր հանգստանալ Էջմիածնի վանքի բակում իրեն հատկացված սենյակում, երկնքում նկատեց կուտակվող սեւ ամպերը:
Նա անմիջապես իր օգնականին ուղարկեց կաթողիկոսի մոտ՝ նրան խնդրելով բացել բոլոր եկեղեցիների, վանքերի եւ ազատ շենքերի դռները, որպեսզի գաղթականներն այդ գիշեր պատսպարվեն անձրեւից: Օգնականը կաթողիկոսի մոտից վերադառնում է եւ հայտնում Թումանյանին, որ կաթողիկոսը հրահանգել է բացել Գայանեի, Շողակաթի եւ Հռիփսիմեի վանքերի դռները, բայց պատվիրել է Վեհարանի նոր շենքին ձեռք չտալ եւ փակ պահել: Այդ տարի նոր էր ավարտվել Վեհարանի շենքի կառուցումը, եւ այն դեռեւս բնակելի վիճակում չէր…
“Ի՞նչ”,- ցասումից դողացող ձայնով կանչում է Թումանյանը եւ օգնականին ասում․”Անմիջապես վերադարձի՛ր Վեհարան եւ ասա՛ Ամենայն Հայոց կաթողիկոսին, որ Ամենայն Հայոց բանաստեղծը պահանջում է բաց անել նաեւ նոր Վեհարանի դռները եւ պատսպարել գաղթականներին”: Մի քանի րոպե հետո լուր է գալիս Թումանյանին, որ Վեհարանի շենքը եւս տրամադրված է գաղթականներին:
Դժբախտաբար այսօր Հայաստանում չկա այդ անհատ “ամենայն հայոցը”, որը կարողանա սաստել բոլորին: Միակ հույսը թերեւս “ամենայն հայոց ժողովուրդն է”, որ կարող է վեր կանգնել այս ամենից եւ վերջապես ասել՝ վերջ տվեք, գեղեցիկ չէ”,-գրել է Օսկանյանը: