28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաց նամակ ԼՂՀ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանին, Արկադի Սողոմոնյանին եւ Վիտալի Բալասանյանին

Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության” կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյանը 2 հարց է ուղղել ԼՂՀ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանին, Արկադի Սողոմոնյանին եւ Վիտալի Բալասանյանին

Հարգարժան թեկնածուներ.

Ինձ համար մարդու ճակատագրին անտարբեր կառավարիչը նույնքան անարժեք է, որքան երկրի ճակատագրին անտարբեր քաղաքացին: Կառավարման ոչ մի հմտություն չի դառնում բարիքի աղբյուր, եթե հավաքականության խնդիրների առաջացրած գլխացավերի լաբիրինթոսում կորչում են անհատի հոգսերի համար մտահոգությունը:

Նման մտահոգության առարկա է Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության խնդիրը: Այն սոսկ մեկ անձի իրավունքի ոտնահարման խնդիր չէ: Այն նաեւ հասարակության սոցիալական արժեքների խաթարման հերթական ցցուն նմուշ է:

Ժիրայր Սեֆիլյանը Արցախյան պատերազմի հրամանատարներից է (Շուշիի Ժիրոն): Նրան լավ են ճանաչում Արցախում եւ լավ գիտեք դուք: Նրա բազմաթիվ դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կամայականորեն եւ քմահաճ ձեւով մերժվել են, առանց հոդաբաշխ որեւէ բացատրության:

Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիություն ստանալու խնդրանքով մի քանի անգամ դիմել է նաեւ ԼՂՀ ղեկավարությանը: Այդ դիմումները կրկին մնացել են անպատասխան: Սակայն վերջին անգամ, երբ հարկադրված են եղել պատասխանել, ասել են, որ. “Ղարաբաղում դեռեւս ընդունված չէ երկքաղաքացիության մասին օրենքը”: Այդ պատասխանը սոսկ խուսանավելուն եւ խնդիրը լղոզելուն է միտված, քանզի հայտնի է, որ.

ա/ Ժիրայր Սեֆիլյանը միշտ էլ պատրաստակամություն է հայտնել հրաժարվելու իր լիբանանյան քաղաքացիությունից,

բ/ Լեռնային Ղարաբաղի նախկին եւ գործող նախագահների հրամանագրերով, օրենքի բացակայության պայմաններում, որոշ անձանց նման քաղաքացիություն շնորհվել է:

Ասում են, որ կառավարման ողջ արվեստը ազնիվ լինելու արվեստի մեջ է: Հարգարժան թեկնածուներին ուղղում եմ երկու հարց, ակնկալելով նրանց անկեղծ ու մտահոգ պատասխանը:

ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը:

բ) Ինչպե՞ս կլուծեք դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ:

 

Հարգանքով`

“Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության” կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյան

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ