Պոպուլիզմն այն է, երբ Ֆինանսների նախարարը ստանում է 1,5 մլն դրամ ու ասում է, թե փող չկա. Էդմոն Մարուքյանը՝ իր առաջարկի մասին
«Մենք առաջարկում ենք, որ 100 մլրդ դրամ գումար պետք է անպայման ծախսվի, չծախսելու պարագայում մենք ունենալու ենք խորը, ծանր սոցիալական վիճակ երկրում, որն արդեն ունենք: Մարտ ամսին մարդիկ ծախսել են իրենց եղած կարողությունները կամ չեն ունեցել ու պարտք են արել, հիմա ապրիլին, ով Կառավարության այդ 26, 68 կամ չգիտեմ քանի հազար դրամը ստացել՝ ստացել է, հիմա մտնում ենք մայիս ամիս, եթե մայիսի 14-ից բոլորին ասեն՝ գնացեք աշխատանքի, հազարավոր մարդիկ հայտնաբերելու են, որ իրենց աշխատատեղերն այլևս չկան: Գնալ ու այդ մարդկանց գազն ու լույսն անջատել ու ասել՝ փող չկա՝ սխալ է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությանը, որ ապրիլի 22-ից հետո դադարեցնելու են այն սպառողների գազամատակարարումը, որոնք դրա դիմաց վճարներ չեն կատարել:Ըստ նրա՝ իրենց առաջարկը կլիներ պոպուլիզմ, եթե գումարը չլիներ, ու ասեին՝ օդից առաջարկեք գումար:
«Հիմա ֆինանսների նախարարը կանգնել՝ ԱԺ ամբիոնից ապատեղեկատվություն է ասում, որ այդ փողը չկա: Ուրեմն՝ այդ գումարը կա, մոտավորապես 380 մլրդ դրամ, որից 150 մլրդ դրամն է, որն ունի որոշակի պարտավորություններ, մոտավորապես 200 մլրդ ազատ գումար կա, որը ՀՀ քաղաքացիների փողն է, այն Կառավարությունը չի ուզում տալ ժողովրդին, փողի վրա նստած, ասում են՝ փող չկա: Հիմա մենք ասում ենք, որ փող կա, հետևաբար՝ այն պետք է սրսկել տնտեսության մեջ և սրսկել ուղղակի մարդկանց փող տալով, որ մարդիկ գնան իրենց սնունդ առնեն, կոմունալ վճարեն, որպեսզի կոլապսի չենթարկվի համակարգը: Կառավարությունն ասում է՝ այս փողը պահենք, վրան նստած մնանք, որովհետև հարկերը քիչ է հավաքագրվելու, որ այն տեղը դնենք: Պոպուլիզմն այն է, երբ Ֆինանսների նախարարը ստանում է 1,5 մլն դրամ ու ասում է, թե փող չկա»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:
Ըստ Մարուքյանի՝ երևի Կառավարությունը սպասում է հասնել տնտեսական ճգնաժամի հատակին, նոր միայն որոշի, թե ինչ պետք է անի՝ չհասկանալով, որ սպասելով՝ հատակին հասնելու ժամանակն արագ է գալու, որը հետագայում ունենալու է անդառնալի հետևանքներ:
«Հիմա տեսեք՝ 4300 բաժանորդ հոսանքազրկվել է, 736 ընտանիք էլ զրկվել է գազից, նրանք, ովքեր նաև վճարել են, նրանք էլ եղած հացի փողով են վճարել, որ գոնե տանը լույս ունենան՝ վառեն, երեխաները մթին չնստեն կամ դաս անեն: Այս մի խմբին, որին անջատել են, նրանք ո՛չ սնունդի փող ունեն, ո՛չ գազի ու լույսի փող ունեն: Կրկնում եմ՝ ՀՀ քաղաքացին պետք է տեղեկանա, որ պետությունն ունի խնայողություններ, և այդ փողերը ժողովրդինն է, որով պետք է նրան օգնեն, և սա պոպուլիզմ չէ, սա արվել է Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Դանիայում, Վրաստանում և այլ երկրներում»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը: