Քննչական մարմինը միջնորդել է կալանավորել «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին
Երեկվանից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին ձերբակալելու որոշման դեմ նրա պաշտպան Հովիկ Սուքիասյանի ներկայացրած բողոքը: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Սեդրակ Առուստամյանին ձերբակալել էր ապրիլի 23-ին:
«Երեկ ձերբակալման դեմ բերված բողոքը սկսեց քննվել, քննչական մարմինը ներկայացրեց կալանավորման միջնորդություն, այսօր շարունակվում է դատական նիստը»,- 168.am-ին փոխանցեց Հովիկ Սուքիասյանը՝ հավելելով, որ որոշումը հավանաբար կլինի երեկոյան:
Նշենք նաև, որ Առուստամյանն արդեն հարցաքննվել է և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել ևս երկու քրեական գործով:
ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին՝ Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին։
ՀՔԾ-ում քննվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում 2019-ի սեպտեմբերի 19–ին մեղադրանք էր առաջադրվել Սեդրակ Առուստամյանին և նրան կալանավորելու որոշում էր կայացվել։ Սակայն սեպտեմբերի 22-ին Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: «Մուլտի Գրուպի» տնօրենին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Քրեական գործի քննությունը շարունակվում է։