Ոստիկանության համակարգն ամբողջությամբ կփոխվի․ կստեղծվի Ներքին գործերի նախարարություն
Ոստիկանության համակարգն ամբողջությամբ կփոխվի. կառավարությունը հաստատեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը, որը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Ծրագրի նպատակներն են՝ ստեղծել ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող, հաշվետվողականության ու քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներ ունեցող գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև իրականացնել ոստիկանության ծառայության կառուցվածքային ու գործառութային վերանայում՝ ըստ բարեփոխումների հիմնական ուղղություններով իրականացվելիք փոփոխությունների, ապահովել բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական բազան, իրականացնել հանրային երկխոսություն նաև մասնագիտացված շրջանակների հետ ոչ միայն բարեփոխումների պլանավորման, այլև իրականացման փուլում, հանրությանը մատչելի ու ժամանակին ներկայացնել բարեփոխումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարը, բարձրացնել հանրային ծառայության այս տեսակի նկատմամբ գրավչությունը՝ նաև նախատեսելով սոցիալական լրացուցիչ երաշխիքներ՝ պետության բոլոր մարզերում ու ծառայության բոլոր տեսակներում պրոֆեսիոնալների համաչափ ներգրավման նպատակով, արդյունավետ համագործակցության հիմքեր ստեղծել կամ զարգացնել տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում գործող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ու ցանցերի հետ համագործակցությունը՝ միտված լավագույն փորձառության շարունակական փոխանակմանը, ինչպես նաև միասնական ջանքերով կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարին։
Վերոնշյալ նպատակներին հասնելու նպատակով նախանշվում և առանձնացվում են հետևյալ ռազմավարական գերակայությունները՝
Ոստիկանության կառուցվածքային փոփոխություններն ու գործառույթների հստակեցումը, ինչպես նաև նոր նախարարության ստեղծումը, Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը, Քրեական ոստիկանության զարգացումը և արդյունավետ նախաքննությունը, Ոստիկանության զորքերի ապառազմականացումը և Հասարակական կարգի պահպանությունը, Համայնքային ոստիկանության վերաիմաստավորումը, Ոստիկանությունում ծառայության գրավչությունը, կադրերի պատրաստումը և մասնագիտական զարգացումը, Մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցերը, Միջազգային համագործակցության ամրապնդումն ու զարգացումը, Ոլորտի թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը:
Ծրագրի նախագծով նախատեսված միջոցառումներն իրականացվում են համապատասխան պատասխանատու (մինչև նոր նախարարության ստեղծումը՝ ՀՀ Ոստիկանության, իսկ նոր նախարարության ստեղծումից հետո՝ նախարարության կողմից) և համակատարող մարմինների փոխլրացված, համաձայնեցված գործունեության միջոցով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ոստիկանության ամբողջ արտաքին ծառայությունը պետք է փոխվի ու պետք է փոխվի ոչ միայն ձևով, այլև՝ բովանդակությամբ։