Կառավարությունը ոչնչացնում է բանկային գաղտնիքը, բոլորն իրենց գումարը հանելու են բանկերից, խուսափելու են Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց. Մարուքյան
Կառավարության տնտեսական թիմը հերթական անգամ «փայլեց իր մտքի թռիչքով», Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Առանց այն էլ հիմքերը խարխլած բանկային գաղտնիքի ինստիտուտը Հայաստանում ստանում է վերջնական մահացու հարվածը։ Այսօր հրապարակվել է նոր օրենսդրական նախագիծ, որով վերջնականապես ոչնչացվում է բանկային գաղտնիքը։ Համաձայն այդ նախագծի բանկերը պարտավորվում են անձանց բանկային հաշիվների, հաշիվներում առկա գումարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հարկային մարմիններին։ Նախկինում դա հնարավոր էր բացառապես դատարանի թույլտվությամբ», – գրել է Մարուքյանը։
Նրա խոսքով, առանց այն էլ տնտեսական հսկայական խնդիրների առջև ենք կանգնած։
«Հիմա էլ վանում ենք բոլոր տնտեսվարող սուբյեկներին, ֆիզիակական անձանց, ովքեր Հայաստանի բանկերում ֆինանսական միջոցներ են պահել։ Այս նախագծի ընդունման հետևանքը լինելու է այն, որ բոլորն իրենց ֆինանսական միջոցները հանելու են բանկերից, խուսափելու են Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց։
Անգամ «հանցագործ ռեժիմը» նման ոտնձգության չի գնացել բանկային գաղտնիքի նկատմամբ։
Միանգամից Բանկային գաղտնիքի մասին օրենքը չեղյալ համարեիք ու վերջացնեիք այս ամենը», – նշել է նա։