23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռուսական կողմը ցանկանում է որոշակի շարժ մտցնել գործընթացում․ Լուկիանով․ 168.am

168.amը գրում է․ «Եթե կան ռուսական առաջարկներ, ապա դրանք համաձայնեցված են ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների հետ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նախօրեի հայտարարություններին ԼՂ հակամարտության կարգավորման սեղանին դրված առաջարկների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայումս բանակցային սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում։

Նա տեղեկացրել էր, որ անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումներն ակտիվորեն քննարկվում են, իսկ դրանց ստորագրումը կարևոր քայլ կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման ուղղությամբ:

Ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել էր, որ այս երկու տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել են առավել քան թափանցիկ, ՀՀ դիրքորոշումներն արտահայտել են շատ պարզ ձևով։

«Եկեք լինենք հստակ, նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 թվականին, 2016 թվականին, և դրանք ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար»,- ասել էր նախարար Մնացականյանը՝ շարունակելով, որ 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ, գնահատմամբ։

Նրա հավաստմամբ՝ 2014 թվականին առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։

Լուկիանովը գտնում է, որ կողմերի դիրքորոշումներում լուրջ հակասություններ պետք չէ փնտրել, քանի որ յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր շահերով ու առաջնայնություններով։ Այս գործընթացում ՌԴ-ն, նրա խոսքով, հանդես է գալիս՝ որպես համանախագահ երկիր, միջնորդ, հակամարտող կողմերին հավասարակշռող ուժ, որը ոչ միշտ է հասկանալի հակամարտող բոլոր կողմերի համար, քանի որ իրենք՝ կողմերը, չունեն կոնսենսուս մի շարք հարցերի շուրջ։

Լուկիանովի խոսքով՝ համանախագահ երկիրը չի կարող աջակցել կողմերից մեկին՝ հակառակն անելով մյուս կողմի նկատմամբ, որով կկորցնի կողմերի վստահությունը և ավանդական դերակատարությունը տարածաշրջանում։

«Հիմա ինչ վերաբերում է փաստաթղթին, բնականաբար, նախարարներն ավելի լավատեղյակ են, թե ինչ են քննարկել, և պետք է վստահել նրանց խոսքին, որևէ մեկը չի կարող վստահ պնդել, թե երբ ինչ է քննարկվել և ինչ ներկայացվել։ Իմ դիտարկումների համաձայն՝ վերջին տարիներին եղել են տարբեր առաջարկներ, որոնք համանախագահ բոլոր երկրների համաձայնությամբ առաջ է մղել Ռուսաստանը՝ որպես ազդեցիկ միջնորդ, այսինքն՝ դրանք եղել են միասնական առաջարկներ։ Ինչպես հասկանում ենք հայկական կողմի պնդումներից, դրանցից որոշները մերժվել են, իսկ անցյալ տարվա առաջարկներից հետո քննարկումներ ծավալվել են որոշ տարրերի շուրջ, եղել է առաջընթաց հումանիտար ծրագրերի ուղղությամբ, որոնք ևս գուցե եղել են ռուսական առաջարկների շրջանակում։ Ամբողջական փաթեթն ամենայն հավանականությամբ կրկին անընդունելի է, որն էլ ներկայիս տարընթերցումների պատճառն է դարձել, քանի որ հայկական կողմը նաև պահանջել է բանակցային սեղան վերադարձնել Լեռնային Ղարաբաղին։

Հաշվի առնելով մյուս միջնորդների պասիվությունը՝ ռուսական կողմը ցանկանում է որոշակի շարժ մտցնել գործընթացում, նվազեցնել ռիսկերը շփման գծում, սա է ռուսական կողմի առաջնային նպատակը, ես այլ խնդիր ու նպատակ չեմ տեսնում։ Կարծում եմ՝ մեծ խնդիր և նորություն այս ամենում չկա, վերջին տարիներին անընդհատ հայտարարվում է, որ կա փաստաթուղթ, հերքվում է, կամ դրա մասին խոսում են մյուս միջնորդ երկրները, սակայն չեն կարևորում, թե որ համանախագահ երկիրն է այն կազմել, քանի որ դրանք եղել են բոլոր միջնորդների համաձայնությամբ։ Կարծում եմ՝ եթե լիներ խնդիր, այդ մասին կհայտարարվեր»,- ասաց Լուկիանովը։

Նրա կարծիքով՝ իրենք՝ կողմերը, չեն ցանկանում որևէ լուրջ հարց քննարկել։

«Եվ կարծում եմ, որ դրանից ելնելով՝ դեռ երկար ժամանակ որևէ ջանք իմաստ չի ունենալու, քանի որ ստատուս-քվոն ընդունելի է ներկայումս բոլորի համար, գլխավորապես՝ Հայաստանի համար»,- ասաց նա»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ