«Այդպես էլ չաճեցիր, չզարգացար». Մարգաիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուզում եմ մի պահ մի կողմ դնել իմ անձնական եւ քաղաքական հակակրանքը ՀՀ այսօրվա վարչապետի հանդեպ եւ անկեղծորեն նրան բարեկամական ձեռք մեկնելով, մի երկու բան ասել։ Ակնհայտ է, որ Արցախյան թեմայի շուրջ օղակը սեղմվում է, ակնհայտ է, որ արդեն կոնկրետ հարցեր , կոնկրետ կետեր են քննարկվում, ակնհայտ է, որ լուծման փուլային տարբերակը բերվել եւ խցկվել է առաջին տող եւ, ակնհայտ է, որ այս մասին եւ ՀՀ իշխանությունը գիտի եւ համանախագահողները գիտեն եւ Արցախում գիտեն, եւ, Լավրովի թեթեւ ձեռքով քիչ-քիչ նաեւ հանրություն է տեղեկացվում։
Մերոնք ձկան պես լուռ են, նորություն չէ, սրանք տակից են աշխատել միշտ, առերեւույթ լայվեր են մտնում ու տափակագույն զրույցներ են անում, իսկ տակից լրջագույն հարցերում տանուլ տալով, երկրի համար ոչ ձեռնտու խոստումներ տալով առաջ են քշում իրենց էշը։ Այստեղ արդեն վաղուց երկրորդ կարծիք չկա, ամեն ինչ տեսանելի է եւ տեսանելի է այն պահից, երբ Նիկոլը Իլհամի հետ վերելակում սիլիբիլներ արեց։ Հետո տիկինը սկսեց խոսել մեր զինվորների՝ ոչնչի համար զոհվելու մասին, իբր փորձեց մեզ նախապատրաստել խաղաղության, այն դեպքում,երբ հակառակորդը զինվում է, ապա Մեհրիբանին հրավիրեց Արցախում մուղամ լսելու․․.
Հիշեք, ախր, մի՞թե մոռացվել են այս դրվագները, մի մոռացեք, փազլը կամաց-կամաց հավաքվում է։ Իսկ այս ամեն ինչից առաջ պատերազմ հաղթած հերոսներին վարկաբեկելու խայտառակ շոունե՞րը, Արցախի առաջին նախագահի ցայսօր անազատության մեջ պահելը։ Հետո, երբ բոլորը երկու օր առաջ իրար խառնվեցին Լավրովի հայտարարություններից, ԱԳՆ-ն իբր հայտարարություն տարածեց, որը, ըստ էության ոչ թե հերքեց Լավրովին այլ, նախադասությունները հետ ու առաջ տանելով, բառային եւ շարադասական խուճուճություններով, ըստ էության ասաց մոտավորապես նույնը, կամ՝ նման մի բան։ Իսկ ամենաշատախոսությամբ Գինեսի գրքին արժանի ՀՀ այսօրվա վարչապետը այս թեմայով ձկան պես լուռ է։
Հասկանում եք, Նիկոլ Փաշինյանը լուռ է, պատկերացնո՞ւմ եք, նա լուռ է։ Չպատկերացնելու բան է, չէ՞ ։ Այո, եւ ես մտածում եմ, որ նա վախենում է, նա ոտքի տակ հողը չի զգում եւ մոլորված է։ Գուցե եւ միամիտ եմ այսպես մտածելով, գուցե բոլորովին էլ չի վախենում եւ իր էշը այսպես առաջ է տանելու։ Բայց, մարդ է, եկեք մտածենք, թե էդ մարդը իրեն կորցրել է; Դեռ ինքը իրեն կորցնի, գլուխը քարը, թող կորցնի, բայց, ուզենք թե չուզենք, ինքը այսօր ՀՀ վարչապետն է, իսկ ՀՀ-ն Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է։ Ուրեմն, վերադառնամ առաջին մտքին, որը դուք կարդացիք այս նյութի հենց սկզբում։ Ուզում եմ մի կողմ դնել իմ քաղաքական եւ անձնական հակակրանքը եւ խորհուրդ տալ Փաշինյանին՝ վերցրու հեռախոսը զանգիր Սերժ Սարգսյանին, ազատ արձակիր Ռոբերտ Քոչարյանին, զանգիր Տեր-Պետրոսյանին, հրավիրիր Բակո Սահակյանին, կարող ես հրավիրել նաեւ Արայիկ Հարությունյանին, նստեք ու խոսեք։
Դու միակը կլինես, որ հանգիստ կնստես տեղդ եւ պարտավոր կլինես աշակերտի պես լսել բոլորին։ Այդպես էլ չաճեցիր, չզարգացար։ Նախագահները Արցախի հարցի քայլող հանրագիտարան են, էդ մարդիկ քո քաշից ավելի իմֆորմացիան ունեն, փորձառություն, խելք եւ ճկունություն։
Եվ եթե իրոք դեռ մի քիչ մտածում ես եւ եթե դու նույնպես մտահոգ ես, եւ ոչ թե տակից բան ես խոստացել Ալիեւին ու համանախագհներին, արա այդպես։ Միեւնույնն է, անգամ եթե խոստացել ես, չենք թողնելու, որ սխալ բան անես, սա այդ հարցը չէ․․․Մի ամբողջ ժողովուրդ կկանգնի, որ ղալաթը չանես․․․»: