«ԱԳՆ ղեկավարն անգամ չհանդգնեց մեր «գրպանը» գցել այդ ազգադավ սցենարի պատասխանատվությունը». Արմեն Աշոտյան
Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներկայումս քննարկվում է փուլային տարբերակը, որը նախատեսում է առաջին փուլում Արցախին հարակից մի քանի շրջանների վերադարձ և կոմունիկացիաների ապաշրջափակում։
Ս. Լավրովի այս աղմկահարույց հայտարարություններից և ՀՀ արգործնախարարիմեկնաբանություններից հետո լրատվական դաշտում կարծիքներ են հնչում ինչպես իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, այյնպես էլ այլ քաղաքական ուժերի և փորձագիտական որոշ շրջանակների ներկայացուցիչների կողմից: «Մոդուս վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը և որոշ պատգամավորներ իրենց մեկնաբանություններում Ս. Լավրովի հնչեցրած փուլային տարբերակի պատասխանատվությունը ուղղում են ՀՀ նախկին իշխանություններին:
«Ցավոք, նման սիրողական և կոնյուկտուրային գնահատականները բնորոշ են ոչ միայն ներկա իշխանության բազում ներկայացուցիչներին, այլև պսևդոմասնագիտական հայտնի շրջանակներին։ Այնքան ակնհայտ է և փաստական, որ մեր իշխանության օրոք փուլային տարբերակը բանակցային գործընթացում գոյություն չուներ, որ երկրում այս հարցով պրոֆեսիոնալ զբաղվող միակ կառույցի՝ ԱԳՆ ղեկավարն անգամ չհանդգնեց մեր գրպանը գցել այդ, չվախենամ ասել, ազգադավ սցենարի պատասխանատվությունը։
Իրենց մեծ մասնագետների տեղ դրած մարդկանց համար կրկնեմ, որ լրամշակված Մադրիդյան փաստաթուղթը, իր հիմնարար սկզբունքներով և տարրերով, մեկ միասնական փաստաթուղթ է, այսինքն՝ փաթեթային է։ Փաթեթային մոտեցումն արձանագրված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների 5 համատեղ հայտարարությունների մեջ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախկինում ևս նշում էին, որ կարգավորման սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են, այն է՝ փաթեթ։ Այս փաթեթում փուլային մոտեցում անգամ Ադրբեջանը չի կարողացել մոգոնել։
Ինչ վերաբերում է Կազանին, ապա այստեղ նույնպես սուտն ու չիմացությունը «պրոֆեսիոնալ» կարծիքի ներքո սղացնելու փնթի փորձ է արվում։ Նախ, հիշեցնեմ, որ Կազանում պետք է ստորագրվեր միայն հայտարարությունը, իսկ խաղաղության համապարփակ համաձայնագրի բանակցությունների հենց սկզբից նախատեսվում էր նաև ԼՂՀ մասնակցությունը։ Եվ հետո, Կազանյան փաստաթղթի նախագծում առաջնահերթ խոսվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրագործման, հետո նոր՝ այլ տարրերի մասին։
Այնպես որ, նման հայտարարություն անողներին կրկին հորդորում եմ մանրամասն ուսումնասիրել ՀՀԿ ԳՄ հայտարարությունը խնդրո առարկայի մասին, որտեղ ուղիղ և հստակ ամրագրված է, որ նախորդ տարիներին փուլային մոտեցումը մշտապես մերժելի է եղել մեր կողմից»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Արմինե Վարդանյան
168.am