24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է ոչ թե Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին, այլ վարչապետի աշխատակազմին. Հանրայինի արձագանքը՝ վարչապետի խոսնակին

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնում վարչապետի ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի օգտագործմամբ հոլովակի տարածման կապակցությամբ, ինչպես նաև արձագանքում է նախապատրաստական այդ կադրերը հեռարձակելու վերաբերյալ վարչապետի խոսնակի հայտարարությանը: Հայտարարությունում ասվում է.

«Հանրային հեռուստաընկերության աշխատակազմը խորապես ցավում է համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերի նախապատրաստման կադրերի օգտագործմամբ հոլովակի տարածման կապակցությամբ։ 

Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո Հանրային հեռուստաընկերությունը, ՀՀ կառավարության հորդորով, նույն բաց կապուղով, նույն պայմաններով, չափանիշներով և ընթացակարգերով ապահովել է 50-ից ավելի անխափան ուղիղ միացումներ: Այս հանգամանքն արդեն իսկ փաստում է հեռուստաընկերության արհեստավարժ և համակարգված աշխատանքի մասին:

Սույն թվականի ապրիլի 17-ին, ժամը 20:00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հեռարձակվել է բաց կապուղով, որին հասանելիություն են ստացել ևս 8 հեռուստաընկերություն և ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

Ինչ վերաբերում է ուղիղ եթերում ՀՀ վարչապետի ելույթներին՝ ընդգծենք, որ վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է ոչ թե Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին, այլ վարչապետի աշխատակազմին:

Ինչպես նախկինում, այս դեպքում էլ ուղիղ եթերից առաջ տրամադրվել է բաց կապուղի ՀՀ կառավարության հորդորով, որից րոպեներ առաջ կատարվել է կապուղու փորձարկում, որպեսզի հեռարձակող հեռուստաընկերությունները կարողանան ստուգել հնարավոր խնդիրները և լուծել դրանք:

Եթերից առաջ հեռուստաընկերության աշխատակիցը ներկաներին բարձրաձայն տեղեկացրել է ՝ մենք REC. ենք, ինչը նշանակում է՝ մենք ձայնագրման փուլում ենք: Սա պարտադիր ընթացակարգ է:

Նկարահանման ամբողջ ընթացքին ներկա են եղել ինչպես վարչապետի խոսնակը, այնպես էլ տեղեկատվական վարչության աշխատակիցները: Հեռուստաընկերության որևէ աշխատակից առանց հատուկ ցուցման կամ թույլտվության չի կարող թողնել իրեն վստահված տեղը:

Այս պարագայում շահարկվող «արտահոսք» բառը մասնագիտորեն տեղին չէ, քանի որ բաց կապուղով տրամադրվող նյութը, ինչպես նշված է, հասանելի է եղել նախապես հայտարարված 8 հեռուստաընկերություններին և ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջին:

Հանրային հեռուստաընկերությունը աշխատել և աշխատում է ապահովել անխափան եթեր ու այն հասանելի դարձնել բոլորին: Առաջին ալիքի թիմը պատրաստ է մասնագիտական պատասխանատվություն կրել միայն իր գործառույթների համար»:

Հիշեցնենք, որ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով թեմային, իր ֆեյսբուքում գրել էր, որ փորձնական հեռարձակումն այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է հանրային հեռուստաընկերության կողմից:

Վարչապետի խոսնակի արձագանքել էր վարչապետի ուղերձի հեռարձակման պատասխանատու Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ ինքը և ինքն վարչապետի խոսնակը եղել են նույն սենյակում և անձամբ է տեսաազդանշանից առաջ ասել` «Մենք Rec ենք» ու վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այդ մասին:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ