23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ են ուզում երկարաձգել արտակարգ դրությունը․ «Հրապարակ»

«Այսօր շրջանառության մեջ դրվեց կառավարության նոր որոշման նախագիծը՝ Արտակարգ դրությունը երկարաձգելու մասին։ Այն առնվազն տարակուսանքի տեղիք տվեց, քանզի դատելով վերջին շաբաթների իրադարձություններից եւ իշխանությունների պահվածքից, սպասելի էր, որ արտակարգ դրությունը չի երկարացվի, կամ էլ անգամ եթե երկարացվի՝ որոշակի փոփոխություններ կարվեն այդ ռեժիմում եւ որոշ սահմանափակումներ կհանվեն։ Նախ այն պատճառով, որ ոչ ոք չգիտի, թե կորոնավիրուսի պիկը Հայաստանում երբ է լինելու։

Ավելին՝ ըստ որոշ հաշվարկների այն վրա է հասնելու հունիս-հուլիս ամիսներին, իսկ այդքան ժամանակ երկիրը փակ պահելն անհնարին է եւ անիմաստ, ուստի ավելի խելամիտ կլիներ հիմա որոշ ժամանակով, որոշ չափով թուլացնել կարանտինը եւ թույլ տալ, որ որոշ համակարգեր աշխատեն ու տնտեսությունը մի փոքր շնչի, իսկ անհրաժեշտության դեպքում մեկուսացման ու կարանտինի ռեժիմը վերականգնել, ասենք, մեկ ամիս անց։ Բայց քանի որ մեր իշխանությունը չգիտի իր անելիքը եւ փակ աչքերով է գործում՝ իրավիճակային լուծումներ տալով, եւ ակնհայտորեն խուճապի մեջ է, որոշել է ռիսկի չգնալ ու երկարացնել արտակարգ դրությունը։

Բայց եւս մի պատճառ կա արտակարգ դրությունը պահպանելու համար։ Դատելով կառավարության որոշման նախագծից մեր իշխանություններին անչափ դուր է եկել խոսքի ազատության սահմանափակումները եւ նրանք որոշել են այդ մասով դրանք ամբողջությամբ պահպանել։ Այսինքն, մենք հաջորդ 30 օրվա ընթացքում էլ չենք կարողանալու ազատորեն գրել կորոնավիրուսի դեպքերի, հիվանդների ու մահացածների քանակի, բուժվողների ու թեստավորվողների, մեկուսացածների եւ վարակի տարածման չափերի մասին։

Այդ ամբողջ տեղեկատվությունը, որն այսօր ընթերցողներին շատ է հետաքրքրում, մենք կարող ենք հրապարակել միայն պարետատան թույլտվությամբ եւ պաշտոնական տեղեկությունների շրջանակներում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հազիվ հնարավորություն են ստացել սահմանափակել մամուլի ազատությունը եւ գրաքննություն կիրառել, ինչու պետք է հեշտությամբ հրաժարվեն դրանից։

Արդյունքում, մենք զրկված ենք եղել ու 30 օր էլ զրկված ենք լինելու շատ ու շատ ինֆորմացիաներ ընթերցողին հասցնելու հնարավորությունից, որը կարող էր նրան օգնել հաղթահարելու այս վարակը եւ լիարժեք տեղեկացված լինելու՝ չմնալով պաշտոնական կասկածելի տեղեկատվության հույսին։ Իսկ եթե առաջիկայում, ինչպես լավատեղյակ անձինք են պնդում, աշխատանքային եւ տեղաշարժի որոշ սահմանափակումներ վերացվեն, սակայն արտակարգ դրության ռեժիմը եւ խոսքի ազատության սահմանափակումները պահպանվեն, կնշանակի, իսկապես, գործող իշխանության միակ նպատակը լրագրողներին զսպաշապիկ հագցնելն է, այլ ոչ թե վիրուսի դեմ պայքարելը»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ