24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր զավակները կրկնեցին իրենց հայրերի ու պապերի սխրանքը, որպեսզի այսօր Արցախում ընտրություն կատարեն ոչ թե կյանքի ու մահվան, այլ՝ հանուն արժանապատիվ ապագայի. Սերժ Սարգսյան

«Չորս տարի առաջ այս օրը մեր զավակները՝ ավագ ընկերների կողքին, փառքով պսակեցին իրենց անունները` կրկնեցին իրենց հայրերի ու պապերի` շուրջ երեք տասնամյակ առաջ կատարած սխրանքը, որպեսզի երիցս հաղթանակած Արցախում այսօր կարողանան ընտրություն կատարել ոչ թե կյանքի ու մահվան, այլ հանուն արժանապատիվ ապագայի». ՀՀ 3-րր նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախում կայացած համապետական ընտրությունների առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մարտի 31-ին ուշադրությամբ հետևել եմ Արցախում համապետական ընտրությունների անցկացման ընթացքին:

Ընտրություններն այլևս կայացած են, նախնական արդյունքները` ամփոփված: Եվ ինչպիսին էլ լինեն առանձին պետությունների ու կազմակերպությունների արձագանքները` ճանաչեն կամ չճանաչեն միջազգային չափանիշներին համապատասխան անցկացված հերթական այս ընտրությունների արդյունքները, աներկբա է, որ Արցախի քաղաքացիներն իրացրել են իրենց անօտարելի իրավունքը և ազատորեն արտահայտել իրենց կամքը:

Կարևոր է շարունակել այս իրողությունը միջազգային հանրությանը, գործընկեր պետություններին ընկալելի դարձնելու համատեղ աշխատանքը: Արցախի նորընտիր իշխանությունները պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ու նաև այս փաստարկով ամուր և վստահ ներկայացնեն արցախցիների ձգտումներն ու իղձերը:

Նույն գիտակցումով և մեր ազգային շահերից ելնելով` առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք Արցախում հերթական ժողովրդավարական ընտրությունների արդյունքները, մի կողմ դնենք մեր անհատական և քաղաքական համակրանքներն ու ցանկությունները և հարգենք Արցախի քաղաքացիների ընտրությունը:

Ուրախ եմ, որ այս մտայնության կրողն են նաև ընտրապայքարին մասնակցած` հերոսական անցյալ ունեցող իմ մարտական ընկերները և Արցախի առանցքային այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու անհատները, որոնք պատրաստ են միմյանց ձեռք սեղմելու և տրամադրված են համագործակցության:

Արցախը եղել և մնում է մեր ժողովրդի հաղթանակի ոգին, միասնականության խորհրդանիշը և ամենօրյա հոգածության առարկան: Վտանգի մեջ գտնված մեր հայրենիքի մի հատվածը պաշտպանելու համար մեր ժողովուրդը չի խնայել ոչինչ, տվել է ամենաթանկը` իր զավակների կյանքը: Չորս տարի առաջ այս օրը մեր զավակները՝ ավագ ընկերների կողքին, փառքով պսակեցին իրենց անունները` կրկնեցին իրենց հայրերի ու պապերի` շուրջ երեք տասնամյակ առաջ կատարած սխրանքը, որպեսզի երիցս հաղթանակած Արցախում այսօր կարողանան ընտրություն կատարել ոչ թե կյանքի ու մահվան, այլ հանուն արժանապատիվ ապագայի:

Փա՛ռք մեր հերոսներին:

Հուսով եմ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ևս կանցնի նույնպիսի բարձր մասնակցության ու կազմակերպվածության պայմաններում, և Արցախի նորընտիր իշխանությունները կլծվեն երկիրը աշխարհաքաղաքական այս բարդ և մարտահրավերներով ու վտանգներով լի պայմաններում ղեկավարելու չափազանց պատասխանատու առաքելությանը:

Ուզում եմ վստահ լինել, որ աշխարհը պատուհասած համաճարակի դեմ իշխանությունների ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումները տվել են ցանկալի արդյունքը, և առաջիկայում մտահոգվելու առիթ չենք ունենա: Այդ վտանգը աշխարհում դեռ չեզոքացված չէ: Խնդրում եմ շարունակեք զգոն լինել, հոգ տանել ձեր առողջության և կյանքի մասին: Ինքներդ եք հասկանում` առջևում դեռ շատ դժվարություններ կան հաղթահարելու:

Ես էլ ուժերիս ներածին չափով պատրաստ եմ շարունակելու ջանքերս՝ հանուն Արցախի խաղաղության և անվտանգության, ի նպաստ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և ի բարօրություն Արցախի քաղաքացիների:

Արցախի շահը վե՛ր է ամենից:

Սիրելի քույրե՛ր և եղբայրնե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ և մեզ բոլորիս`ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման առթիվ:

Շնորհավորում եմ նաև խորհրդարան անցած քաղաքական ուժերին, որոնք մեծ պատասխանատվություն ունեն ինչպես Արցախի քաղաքացիների, այնպես էլ ամեն օր Արցախով ապրող, տասնյակ տարիներ Արցախին ամեն կերպ աջակցող` համայն հայության սպասումներն արդարացնելու առումով:

Աստված զորավիգ և պահապան Արցախին և մեր ողջ ժողովրդին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ