Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ուղիղ դերակատարում ունենալ. ԱԳ նախարար
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են նաև հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին, թե արտաքին գերատեսչությունը տեղյա՞կ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի արտգործնախարարի՝ Արցախյան հարցով վերջին հանդիպման մասին։
«Այդ հանդիպումները նորություն չեն, արտառոց որևէ բան չկա։ Դրանք պլանային են, և Մինսկի խմբի համանախագահներն իրականացնում են իրենց գործառույթը։ Նրանց հետ աշխատում ենք փոխվստահության պայմաններում և ամբողջությամբ վստահում ՄԽ համանախագահներին։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես և ինչ մոտեցումնրով են նրանք աշխատում։ Այստեղ որևէ արտառոց բան չկա։
Սա առաջին հանդիպումը չէ։ Դրանից առաջ էլ եղել են հանդիպումներ այլ երկրների հետ, ծրագրված են այլերը։ Սա նորմալ, բնականոն աշխատանք է, մենք ՄԽ համանախագահների վերաբերող մասով որևէ մտահոգություն չունենք։ Տարբերությունը, միգուցե, նրանում էր, որ եղավ մեկնաբանություն Թուրքիայի կողմից։ Եթե շատ անկեղծ լինենք, այդ մեկնաբանությունում չկար որևէ բան, որ նախկինում չէինք լսել։ Մենք այդ առումով հանդես եկանք մեր հայտարարությամբ, և, բնականաբար, այդ մոտեցումը նույնպես բոլորին ծանոթ է. Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ուղիղ դերակատարում ունենալ։ Մեր մոտեցումը շատ հստակ է այդ առումով։ Մենք շարունակում ենք իրականացնել մեր նպատակները և աշխատել ՄԽ համանախագահների հետ», – ասաց նախարարը։
Տարոն Սիմոնյանն իր հերթին նկատեց, որ կկիսեր Զոհրաբ Մնացականյանի հանգստությունը, եթե վերոնշյալ իրադարձությունը տեղի չունենար տարածաշրջանային ներկայիս իրադարձությունների բովում։