Հայաստանը միակ երկիրն է, որտեղ շախմատ է դասավանդվում. ՖԻԴԵ-ի նախագահ /վիդեո/
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Ջերմուկում հուլիսի 16-29-ը անց կկացվի ՖԻԴԵ-ի կանանց շախմատի 5-րդ “Գրան պրի”-ն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, հանգստացողներ, շատ շախմատասերներ:
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց եւ բարի գալուստ մաղթեց Հայաստան ժամանած բոլորի հյուրերին: Նրա խոսքով` շախմատի նկատմամբ մեծ սերը դարձել է Հայաստանի այցեքարտերից մեկը եւ ամբողջ աշխարհում հայերին լայն ճանաչում է բերել: “Ձեռք բերված ճանաչումը, իրոք, հպարտանալու առարկա է, քանի որ այն մեր ժողովրդի ստեղծագործ տաղանդի արդյունք է եւ ձեռք է բերվել հետեւողական աշխատանքի շնորհիվ, ոչ թե բախտի քմահաճույքով: Մենք բացում ենք մի մրցաշար, որի անցկացումը կարող է պատիվ բերել աշխարհի յուրաքանչյուր երկրի: Վստահ եմ, որ այն դառնալու է տոն ոչ միայն Հայաստանի շախմատային հանրության, այլեւ ամբողջ աշխարհի շախմատասերների համար”,- ասաց նա:
Նախագահը գեղեցիկ խաղ եւ արդյունավետություն մաղթեց բոլոր մասնակիցներին:
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն ամեն անգամ Հայաստան գալիս նկատում է սեր, ուշադրություն ու մեծ հետաքրքրություն շախմատի նկատմամբ: Նրա խոսքով Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որ դպորցներում շախմատ են անցնում:
Իլյումժինովը մասնակիցներին գեղեցիկ աշխատանք եւ հանգիստ մաղթեց: Բացման պաշտոնական արարողության հետեւց վիճակահանությունը, այնուհետեւ հնչեցին համերգային կատարումներ: