Ադրբեջանը չի ցանկանում ուժ չկիրառելու համաձայնություն ստորագրել. Վ. Կազիմիրով
Նախորդ շաբաթ տեղի ունեցավ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հերթական փուլը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատեցին իրենց` հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու տեսակետը: Բանակցային գործընթացի վերաբերյալ մեկնաբանություններ անելու նպատակով “Красная звезда”-ն դիմել է ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության ռուսական կողմի Արտակարգ եւ Լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին:
Կազիմիրովը նախ անդրադարձել է բանակցային գործընթացի ամենասկզբին, երբ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն այցելեցին տարածաշրջան: 1994-ին կնքվեց հրադադարի համաձայանագիրը, իսկ 1997-ից բանակացային գործընթացով սկսեցին զբաղվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հաանախագահները: Դեսպանի կարծիքով` բանակցային գործընթացն առայժմ ցանկալի արդյունք չի տվել, սակայն այն ընդհանուր առմամբ, օգնել է պահպանել հրադադարի ռեժիմը, չնայած հաճախակի եւ վտանգավոր միջադեպերին:
Ինչ վերաբերում է գործընթացի ներկայիս վիճակին, Կազիմիրովը նկատել է, որ 2007-ից լարված է ընթանում հիմնարար սկզբունքների համաձայնեցումը: “Բաքուն չի ցանկանում անցկացնել ԼՂ բնակչության ազատ եւ իրավական քվեարկություն` իրենց կարգավիճակը որոշելու համար այն դեպքում, երբ միջնորդները եւ միջազգային հանրությունը խաղաղ կարգավորումը տեսնում են միայն այդ ճանապարհով: Իր հերթին Բաքուն համաձայն է նման քվեարկություն անցկացնել բացառապես Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանը չի ցանկանում ուժ չկիրառելու համաձայնություն ստորագրել, հակառակը` ամբողջ աշխարհին ցույց է տալիս պատերազմին իր պատրաստակամությունը: Դա երեւում է եւ մեծ ռազմական ծախսերից, եւ ուժային հռետորությամբ եւ շփման գծում տեղի ունեցող միջադեպերից”,-նշում է դեսպանը:
Այն հարցին, թե այժմ կոնկրետ ինչ քայլեր պետք է իրականացվեն բանակցային գործընթացը շարունակելու համար, Կազիմիրովը համոզմունք է հայտնել, որ ամենակարճ ուղին ուժ չգործադրելու համաձայնության գալն է: Նրա կարծիքով` հակամարտության կարգավորումը միանշանակ պահանջում է համակարգային մոտեցում, այլ ոչ կողմերի ընտրությունը` ում ինչն է դուր գալիս: