06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է ուղղել Հռոմի պապին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արևելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար և Արևելյան Պապական ինստիտուտի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին:

Նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստանի և Վատիկանի, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, որին նպաստում են նաև փոխայցելություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը: Սերժ Սարգսյանը խնդրել է կարդինալ Լեոնարդո Սանդրիին՝ իր լավագույն բարեմաղթանքները փոխանցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ին:

Անցյալ տարեվերջին Նորին Սրբության հետ ունեցած իր ջերմ հանդիպումը, Հանրապետության նախագահի խոսքով, լավ առիթ էր քննարկելու Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման օրակարգն ու հեռանկարները: Երկկողմ պատմական կապերը, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, համագործակցության շարունակական խորացման լավագույն նախադրյալներն են:

Նախագահը նշել է, որ Հայաստանը և ավելի քան հազարամյա քրիստոնեական ավանդույթներ ունեցող հայ ժողովուրդը շատ բարձր են գնահատում Սուրբ Աթոռի դերը աշխարհում քրիստոնեության տարածման և արմատավորման, ինչպես նաև խաղաղության, փոխըմբռնման հաստատման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում:

Հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Վատիկանի միջև այս տարի լրացող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակով երկկողմ հարաբերությունների երկարամյա ընթացքը չի սահմանափակվում, ավելին՝ այն հաջողությամբ զարգանում և տարեցտարի ավելի է խորանում:

Կարդինալ Լեոնարդո Սանդրին Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանին, Հայաստանին ու նրա ժողովրդին: Արևելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար և Արևելյան Պապական ինստիտուտի նախագահ կարդինալը նշել է, որ Հայաստանն այն երկիրն է, որը ձգտում է աշխարհի բոլոր ժողովուրդների հետ փոխըմբռնման ու խաղաղության, և իր այս այցի միջոցով ցանկանում է նաև հարգանք մատուցել Հայաստանին, որն ունի այդպիսի ձգտում: Նա ընդգծել է, որ Սուրբ Աթոռը հիացած է առաջին քրիստոնեական պետության՝ Հայաստանի պատմությամբ, դարեր շարունակ քրիստոնեական արմատներին նրա հավատարմությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ