24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պոլսահայ նախաձեռնությունը կոչ է անում բոյկոտել պատրիարքական ընտրությունները

Ստամբուլահայերի «Նոր զարթոնք» նախաձեռնությունը Պոլսի հայոց պատրիարքի թեկնածուներին կոչ է արել դուրս գալ ընտրապայքարից, իսկ ժողովրդին հորդորել է բոյկոտել պատրիարքական ընտրությունները: Նախաձեռնությունն իր այս կոչը հիմնավորել է ընտրական գործընթացին Թուրքիայի ներքին գործերի նախարարության միջամտությամբ, ինչը հակասում է այդ երկրի սահմանադրությանն ու միջազգային պայմանագրերին:

«Նոր զարթոնք» -ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 2007թ. 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի պարտականությունների կատարումը անհնար դարձրած ծանր հիվանդությամբ սկսված ու մինչև նրա մահ տևած ժամանակահատվածը շատ դժվար է եղել պոլսահայության համար:    

 

Հայտարարության մեջ հիշեցվել է, որ դրանից հետո ընտրական գործընթացը իրականացնելու համար ձևավորվել է Նախաձեռնակ մարմին, իսկ Եպիսկոպոս Սահակ Մաշալյանն ընտրվել է պատրիարքական տեղապահ:

«Սակայն ներքին գործերի նախարարության կողմից պատրիարքական ընտրություններն անցկացնելու համար ուղարկված կանոնադրությամբ արտասահմանում ծառայող պոլսահայ եկեղեցականների մասնակցության վրա դրված արգելքը դժգոհություն է առաջացրել ժողովրդի լայն զանգվածների մոտ:

Այս պայմաններում արդար ընտրություններ անցկացնելու անհնարինության մասին խոսել է նույնիսկ անձամբ տեղապահը: Սակայն նույնիսկ հայ ժողովրդի տարբեր շերտերից ստացվող դժգոհությունների ու սահմանադրական դատարանի կողմից կայացրած վճիռների (պատրիարքական ընտրություններին պետության անհիմն միջամտություններն արձանագրած որոշում-խմբ.) պայմաններում տեղապահ Մաշալյանը, Նախաձեռնակ մարմինն ու հիմնադրամների ղեկավարները չկարողացան հստակ ու պատվաբեր դիրքորոշում ունենալ և (ճիշտ) կատարել իրենց պարտականությունները: Տեղապահն ու Նախաձեռնակ մարմինը, անտարբեր մնալով պետության կողմից արած անօրինական միջամտությանը, որոշեցին չբողոքարկել կանոնադրությունը»,- ասված է «Նոր զարթոնք»-ի հայտարարության մեջ:

 

Նախաձեռնությունը նշում է, որ վերոնշյալ անարդարության ու անօրինականության մասին չկարողանալով լռել՝ անցած 1 ամսվա ընթացքում Նախաձեռնարկ մարմնի 18 անդամներից 8-ը հրաժարական է տվել:

Ըստ «Նոր զարթոնք»-ի՝ բյուրոկրատների ու քաղաքական գործիչների առաջ քաշած այն թեզը, ըստ որի կանոնադրությունը բողոքարկելու դեպքում պետությունը համայնքին այլևս թույլ չի պատրիարքի ընտրություն անել, Հայոց պատրիարքարանի պատմության մեջ առաջին անգամ բացել է պետական կառավարիչ (հոգաբարձու) նշանակելու ճանապարհը:

Նախաձեռնությունը նշել է, որ մերժում է պետության՝ կրոնական ազատություններն ու համայնքային կյանքի կազմակերպումը սահմանափակող միջամտությունը՝ 2 թեկնածուներին (Արամ Աթեշյան ու Սահակ Մաշալյան) հորդորելով չդառնալ այդ խաղի գործիք ու դուրս գալ ընտրական գործընթացից:

 

Հայտարարության վերջում ժողովրդին ուղղված կոչում էլ մասնավորապես ասվում է. «Գիտենք, որ իրականացվելիք ընտրության ժամանակ տրված ամեն մի ձայնը ծառայելու է այս անարդարության ու իրավունքի խլման լեգիտիմացմանը: Եվս մեկ անգամ մեր ժողովրդին կոչ ենք անում բոյկոտել և չմասնակցել ընտրություններին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ