Հիմա էլ Կալաշնիկովի արձան
Facebook սոցիալական ցանցում սկսել են քննարկել Գյումրիում լեգենդար զինագործ-կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանի տեղադրումը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մասնավորապես գրել է, որ արձանի տեղադրումը ստրկամտություն է:
”…Այն, որ Կալաշնիկովը համաշխարհային դեմք է զինագործության ոլորտում, դա փաստ է: Բայց մեզ ինչ: Ինչո՞ւ հենց նրա: Մարդու, որի ”ստեղծագործությունը” բերում է դժբախտություն, սուգ և արհավիրք միլիոնավոր մարդկանց տները: Ես համարում եմ Կալաշնիկովին տաղանդավոր կոնստրուկտոր: Բայց ոչ այն ոլորտի մարդ, որին կարելի է արձան տեղադրել, այն էլ իր հայրենիքից դուրս: Ռուսները ուզում են, թող տեղադրեն իրենց երկրի տարածքում, որտեղ կցանկանան: Շատ ուրախ կլինեյի, եթե կանգնեցնեին Չայկովսկու, Պուշկինի, Լեռմոնտովի կամ որևէ այլ երևելի ”ռուսի” արձան:
Փորձեցի նաև ճշտել, թե արդյոք ոչ պակաս հանրաճանաչ զինագործ-կոնստրուկտորներ Ջոն Բրաունինգը, Սեմյուել Կոլտը, Ուզիել Գալը, Վալտերը և ուրիշներ արժանացել են արձան ունենալու պատվին…և պարզեցի, որ ՈՉ, ”չեն արժանացել”…Շատ լավ կլիներ, որ Վ.Պուտինի հարազատ քաղաքում բնակվող մեր համերկրացին իր կապերը օգտագործեր և պարզեր, թե ինչո՞ւ Ռուսաստանի իշխանությունները երեք տարի առաջ արգելեցին Սոչիի մոտ գտնվող հայաբնակ Վոլկոնկա գյուղում տեղադրել ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼ ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ արձանը…և միայն այս հարցին պատասխանը իմանալուց հետո նոր տեղադրեր այստեղ Կալաշնիկովների արձանները….
Հ.Գ. Ես այս քայլը համարում եմ ստրկամտության ևս մեկ դրսևորում, որը ոչ մի լավ հետևանքներ չի ունենալու մեզ համար: Պատմությունը ցույց է տալիս, որ ստրունկերը ԵՐԲԵՔ չեն գնահատվել իրենց տերերի կողմից և եղել են առուծախի առարկա….”:
Henaran.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրաբ Եգանյանից փորձեց ճշտել, թե արդյոք թույլտվություն է տվել ավագանին: ”Պաշտոնապես ոչինչ չկա: Մենք որքանով տեղյակ ենք, խոսքը ռուսական ռազմաբազայում հատկացված տարածքում նման նախաձեռնության մասին է, սակայն պաշտոնապես այս պահին ոչինչ չկա”,-հայտնեց նա:
Վերջինս նշեց, որ այդ տարածքի հետ կապված միջկառավարական պայմանագիր կա, որով էլ կարգավորվում են ռազմաբազայի տարածքի հետ կապված բոլոր հարցերը: