Փաշինյանն Ալիևի հանդեպ իր անլուրջ սեթևեթանքով անլրջացրել է Արցախի խնդրի կարգավորման ամբողջ բանակցային գործընթացը․ Մարգարիտ Եսայան
Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի, դիտարկումների, առհասարակ նրա վարած քաղաքականության, Արցախի հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշման շուրջ LIVEnews.am-ի թղթակիցը զրուցեց քաղաքական գործիչ Մարգարիտ Եսայանի հետ։
-Տիկին Եսայան, Նիկոլ Փաշինյանի ելույթը Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տարակարծությունների ալիք բարձրացրեց հայաստանյան լրատվական դաշտում։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը։
— Փարիզի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը գերազանցեց ինքն իրեն իր սուտ խոսելու կարողությամբ և ակնհայտորեն ավելորդ անգամ ցույց տվեց, որ ինքն առհասարակ չի պատկերացնում Արցախի խնդիրը, խնդրի կարգավորման գործընթացը և անընդհատ իրար հետևից բաներ է հորինում, որոնք իրականության հետ բացարձակ կապ չունեն։
— Տիկին Եսայան, իսկ ինչպե՞ս կգնահատեք ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։
— Ուզում եմ հիշեցնել՝ երբ Փաշինյանն ընտրվեց վարչապետ՝ հոխորտաց և հպարտորեն ասաց, որ քանի դեռ Արցախը չի դարձել բանակցությունների կողմ, ինքը ոչ մի բանակցություն չի վարի։ Անցել է մեկուկես տարի, և Արցախը դեռ բանակցությունների կողմ չէ, բանակցությունների սեղանին նստած չէ, և Նիկոլ Փաշինյանը տապալել է մինչ այժմ եղած բանակցային ամբողջ լրջմիտ գործընթացը։ Ինքն իր պահվածքով, Ալիևի հանդեպ իր անլուրջ սեթևեթանքով անլրջացրել է Արցախի խնդրի կարգավորման ամբողջ բանակցային գործընթացը, որ մինչ այդ վարել են ՀՀ բոլոր նախագահները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդգծված հարգալի վերաբերմունքը, որ ցայսօր եղել է Հայաստանի իշխանությունների նկատմամբ, իմ դիտարկմամբ այսօր կարծես փոխվել է։ Անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները և նրանց ղեկավարները շփոթված են, որովհետև վստահաբար իրենք էլ չեն պատկերացրել, որ Հայաստանը կարող է ինչ-որ պահի վարչապետ ընտրել այնպիսի մարդու, որը բացարձակ անլուրջ վերաբերմունք ունի արտաքին քաղաքականության նկատմամբ և բացարձակ անգրագետ է Արցախի խնդրի հետ կապված։ Մյուս կարծիքն այն է, որ ինքը շատ լավ պատկերացնում է իրավիճակը և ունի «պապաներ», հրահանգավորողներ, որոնք նրան օգնել են գալ իշխանության և նրա առաջ դրել են տնային աշխատանքների մի տետր, որը Նիկոլը կետ առ կետ պիտի իրականացնի, բայց նույնիսկ այստեղ էլ է ինքը ապաշնորհ և նույնիսկ դա չի կարողանում իրականացնել։
— Բայց Փաշինյանը երեկ հանդիպման ժամանակ նշեց․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի վերջո ավելի խորությամբ են ընկալում և ընդունում մեր դիրքորոշումները, նրանց համար մեր դիրքորոշումները շատ ավելի հասկանալի են»։
— Մինսկի խմբի համանախագահողներն իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը։ Իմ տպավորությամբ Նիկոլն իշխանության է եկել Ադրբեջանի ժողովրդի շահերը պաշտպանելու համար։ Մենք տարիներ շարունակ միջազգային բոլոր կառույցներում ներկայացել ենք և ընդունելի ենք եղել որպես խաղաղասեր պետություն։ Երկիր, որն իրեն պարտադրված պատերազմում հաղթել է։ Նիկոլ Փաշինյանն Արցախին վերաբերող իր բոլոր ելույթներում մշտապես մոռանում է հետևյալ նախադասությունը, որն ամենաէականն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք։ Այս իրավունքի մասին Նիկոլը և արտգործնախարարը երբևէ չեն խոսում։ Սա ամենաառանցքային հարցն է՝ Արցախի ժողովուրդն օգտվել է միջազգայնորեն ընդունված ինքնորոշման իրավունքից և ինքնորոշվել է։ Այս ամենը մոռանալ, սրա վրայով անցնել՝ նշանակում է, որ ինքը բացարձակ դատարկ է, բացարձակ չի պատկերացնում խնդիրը, կամ որ ավելի վտանգավոր է՝ ինքը պատկերացնում է և ուզում է խնդրի լուծումը տանել այն ուղղությամբ, որը չի լինի բացարձակապես արցախանպաստ, հայաստանանպաստ, և որն ուղղակի դուր կգա Ադրբեջանի ժողովրդին։
— Տիկին Եսայան, երեկ Նիկոլ Փաշինյանը նույն հանդիպմանն անդրադարձավ արցախյան հակամարտությանը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Արցախի պատկերացումներն Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են 100 տոկոսով։
— Փաշինյանն ամեն քայլափոխի ինքն իրեն հակասում է, հանդիպմանը նա ցայտնոտային, հոգեկան ոչ հավասարակշիռ վիճակում էր, և դրա ապացույցներից մեկն էլ այն էր, որ կողքին նստած իր տիկինը ինչ ահասարսուռ հայացքով էր հետևում, թե ինչ է ասում իր ամուսինը։
Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ Արցախի և Հայաստանի պատկերացումներն Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են 100 տոկոսով՝ իր հերթական ստերից մեկն է, որովհետև գալով իշխանության՝ Փաշինյանն իր ամբողջ գործունեությամբ փորձեց «թավշյա հեղափոխությունը» ներմուծել Արցախ, բայց չհաջողեց։ Հիմա փորձում է Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում վերցնել իշխանությունը, իր մարդուն դարձնել Արցախի նախագահ, որպեսզի ինչպես ինքն է կամենում կամ ինչպես իրեն հրահանգել են իրականացնել այդ գործողությունները։ Հերթական սուտն է խոսում, որովհետև այսօր առավել, քան երբևէ Արցախի հասարակության և հայաստանյան իշխանությունների միջև մեծ անջրպետ կա։
— Իսկ ինչպե՞ս է դա արտահայտվում պետությունների երկկողմ հարաբերություններում։
— Նիկոլը փորձում էր քայլ առ քայլ վարկաբեկել Արցախի իշխանություններին, այնպիսի վիճակում դնել Արցախի այսօրվա նախագահին և ղեկավարությանը, որ այդ մարդիկ, լինելով պարկեշտ և պատկերացնելով պահի ամբողջ լրջությունը, զսպում էին իրենց և չէին հակադարձում իրեն այնպես, ինչպես պետք է հակադարձեին։ Նիկոլը բացարձակ սուտ է ասում, որովհետև նման վայրիվերումներով խառը հարաբերություններ երբևէ չեն եղել։ Միշտ Հայաստանը և Արցախը եղել են փոխըմբռնման տրամադրությունների մեջ։ Իսկ ինքը եկավ և դա էլ ավերեց, ոչնչացրեց։
— Դառնանք փարիզյան այցին։ Խաղաղության համաժողովի ժամանակ ադրբեջանցի բլոգերը հարց ուղղեց և գրիչ նվիրեց Փաշինյանին, և նա սիրով ընդունեց նվերը։ Ի՞նչ մեսիջ էր սա, և արդյո՞ք Փաշինյանի քայլն ընդունելի էր։
— Այդ պահին Փաշինյանը չկողմնորոշվեց, սակայն մասնագիտությամբ լրագրող Փաշինյանը լավ կաներ, եթե իր ծոցագրպանում մի գրիչ մշտապես պահեր։ Նա բացարձակ ճկունություն չունի քաղաքական շփումներում, նա կարող էր հանգիստ վերցնել գրիչը և հենց այդ պահին ասեր, որ այս գրիչով որպես խաղաղության պայման ես կստորագրեմ այն պայմանագիրը, որով Արցախը կունենա անկախ կարգավիճակ, որով միջազգային ատյանները կապահովեն Արցախի ինքնորոշման իրավունքը, կընդունեն և կհարգեն, և մենք կունենանք անվտանգ սահմաններ, Ադրբեջանն էլ կխոստանա, որ ուժի կիրառումը բացառում է։ Սա ցույց տվեց, որ Փաշինյանը ճկունություն չունի միջազգային հարթակներում իրեն դրսևորելու։ Տպավորություն էր, որ Փաշինյանը ցայտնոտի մեջ է, և նա հասկանում է, որ իր գնացքն արդեն գնացել է և շատ մոտ ապագայում ինքը հրաժեշտ է տալու վարչապետի պաշտոնին՝ եթե ոչ իր կամքով, ապա առողջ ուժերի պարտադրմամբ։
Հարցազրուցը՝ Լուսինե Այրապետյանի
livenews.am