25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե ինչ-որ մեկը ՀՀԿ-ին պոպուլիստ է անվանում, ուրեմն չգիտի՝ ինչ է նշանակում այդ բառը

Նոյեմբերի 8-10-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպած «Պոպուլիզմը եւ ավանդական քաղաքականությունը․ մարտահրավերներ եւ լուծումներ» աշխատաժողովը, որն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Միջոցառումը, նկատենք, ֆինանսավորվել է գերմանական հիմնադրամի կողմից, որը գործում է Գերմանիայի կառավարող կուսակցության հովանու ներքո։ Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը վերջին շրջանում ակտիվացել են, ինչի դրսեւորումներից մեկն էլ նրա ելույթն էր Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցում, որին հաջորդեց հանդիպումն ԱՄՆ դեսպանի հետ, իսկ հիմա, փաստորեն՝ նաեւ աշխատաժողովի տեսքով։ Մենք զրուցեցինք ծաղկաձորյան հավաքին մասնակցած ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ։

– Տիկին Աճեմյան, վերջին շրջանում ՀՀԿ-ն ակտիվացել է, ինչո՞վ է բացատրվում այս ակտիվությունը։

 

– Ես տեսնում եմ մի բան՝ շատ մեծ հետաքրքրություն բոլոր կողմերից ՀՀԿ-ի ցանկացած քայլի եւ հատկապես ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Անվերջ խոսվում է՝ երբ է Սերժ Սարգսյանը խոսելու։ Իսկ դա նշանակում է, որ կա պահանջարկ, այլապես այս թեման այդքան չէր շոշափվի։ Մայիսյան դեպքերից հետո մենք հիմնականում ակտիվ ենք եղել ու շարունակում ենք նույն ակտիվությունը, եթե նայեք՝ տարբեր միջազգային հարթակներում մենք մշտապես շարունակում ենք մեր համագործակցությունը եւ շարունակելու ենք։ Բոլոր այն հրատապ թեմաները, որոնք կան, եւ վստահ եմ՝ կլինեն, քանի որ մենք այնպիսի ռեժիմի մեջ ենք ապրում, որ ամեն րոպե, ամեն ժամ ականատես ենք լինում նորանոր անակնկալների։ Այո, ՀՀԿ-ն ամենաակտիվն է լինելու, բոլոր այդ գործընթացներին արձագանքելու եւ ինչու ոչ՝ մասնակցություն ունենալու, արդեն իսկ ունենք։

– Իրականում կա վարկած, թե դուք էլ եք հասկանում, որ ակտիվանալու, գործոն դառնալու ռեսուրս չունեք, պարզապես, քանի որ Սերժ Սարգսյանին ձերբակալելու պահանջը հանրության որոշ շրջանակներում մեծացել է, ու չի բացառվում, որ մոտ ապագայում դա կյանքի կոչվի, ակտիվացել եք, որ հետո դա ներկայացնեք իբրեւ քաղաքական հետապնդում։

– Նախ ես ասացի, որ մենք ակտիվ ենք եղել միշտ, հնարավոր է հիմա թեմաներն են ավելի ակտիվ տպավորություն թողել։ Բայց եթե նույնիսկ մենք մեկուկես տարի լռեինք, ու երրորդ նախագահին երբեւիցե ձերբակալեն, ապա դա ամենամեծ սենսացիոն եւ քաղաքական որոշումը կլինի։ Ես կարծում եմ՝ իշխանությունն այդ աստիճանի անմեղսունակ ճանապարհով չի գնա։

– Բայց, ի վերջո, «Մերժիր Սերժին» կարգախոսով, չէ՞, վերցրին իշխանությունը, բոլոր մեղադրանքները հենց Սերժ Սարգսյանին էին հասցեագրված, հանցագործությունները նրան էին վերագրվում։

– Գիտեք, երբ հանցագործությունը բարդում են մարդու վրա, դեռ պետք է ապացուցեն։ Իշխանությունը ոչ Ռոբերտ Քոչարյանի վրա բարդած հանցագործություններն է ապացուցել, եւ ընդհանրապես՝ մենք ինչ-որ չենք տեսնում այդպիսի բացահայտումներ։ Ինչ վերաբերում է կարգախոսներին, դրանք դրսից բերված, էմոցիոնալ կարգախոսներ են, եւ տարիներ անց պարզ կլինի, որ որեւէ հիմք չեն ունեցել։

– Իսկ Ծաղկաձորում պոպուլիզմի թեմայով քննարկման նպատակը ո՞րն էր, բոլորը ժամանակին ձեզ էին պոպուլիզմի մեջ մեղադրում, հիմա դուք այդ թեմայով քննարկում եք կազմակերպել։

– Եթե ինչ-որ մեկը ՀՀԿ-ին պոպուլիստ է անվանում, ուրեմն ընդհանրապես չգիտի՝ ինչ է նշանակում «պոպուլիզմ» բառը։ Մենք եվրոպական կառույցների, մասնավորապես՝ ԵԺԿ-ի հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, կոնֆերանսների ենք մասնակցում, նաեւ իրենց է շատ հուզում պոպուլիզմի թեման։ Այն աշխարհում շատ տարածված է, իրենք էլ չգիտեն, թե դրա դեմն ինչպես առնեն, հասկանում են, որ պոպուլիզմը եւ դրա հոմանիշ սուտը քաղաքականության մեջ ինչ նշանակություն են ունենում։ Վերջերս կին քաղաքական գործիչների մասնակցությամբ ես անձամբ եմ նման քննարկման մասնակցել։ Եվ նշվում էր, որ մենք թերացել ենք, երեւի դպրոցից երեխան պիտի ձեւավորվի որպես բարձր գիտակցություն ունեցող անհատ։ Այս թերացումն է պատճառը, որ ժողովուրդների մեջ կա մեծամասնություն, որին դուր է գալիս սուտը, եւ դրանից ելնելով՝ պոպուլիստները հաղթանակում են։ Իսկ քանի որ այսօր ե՛ւ աշխարհում, ե՛ւ հատկապես Հայաստանի Հանրապետությունում է պոպուլիզմն անկասելի ծաղկում, ինչպես որեւէ այլ երկրում, դրա համար ենք ընտրել այդ թեման։ 

– Բայց ժամանակին դուք չդրեցի՞ք դրա ծիլերը։

– Ճիշտ հակառակը, եթե մենք մեր արած աշխատանքը ներկայացնեինք ըստ արժանվույն, լուսաբանեինք այնպես, ինչպես պետք էր․․․ շատ  օրինակներ, որ կառավարությունն ինչ-որ հարցի հետ կապված աշխատել է, շատ ծանր աշխատանքից հետո է միայն արդյունք գրանցել, չենք հանրայնացրել դա։ Այսօր գործը չարած՝ լուսաբանում են, ոչ միայն լուսաբանում են, այլեւ պոպուլիստական երանգ են տալիս՝ թիվ են փոխում, կեղծ տվյալներ ներկայացնում եւ այլն, որոնք ականջ են շոյում, դրանց սպասող մարդիկ էլ մեր հասարակությունում, ցավոք սրտի, շատ են։

– Իսկ քննարկման նպատակը ո՞րն էր՝ ինչ-որ բան անել, որ այդ երեւույթը վերանա՞։

– Ասեմ ձեզ, որ մենք միայն այդ թեման չենք քննարկել, տարբեր թեմաներ ենք քննարկել՝ մեդիագրագիտության, մեր կուսակցության կարիքների եւ ուղղությունների հետ կապված, ինչպես նաեւ ներքին կուսակցական խնդիրների մասին ենք խոսել։

– Իսկ ի՞նչ կարիքներ ունի ձեր կուսակցությունը, եւ պիտի հոգա՞ն դրանք։

– Գերմանական հիմնադրամը չի հոգալու մեր կարիքները, պարզապես հնարավորություն է տվել իր ծրագրի շրջանակներում քննարկել մեզ հուզող հարցերը։

– Ամեն դեպքում, հետաքրքիր է՝ ինչի՞ կարիք ունի հիմա ՀՀԿ-ն։

– Հիմա ես չեմ պատմելու մեր ամբողջ քննարկման թեման։

Լուսինե Շահվերդյան

hraparak.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ