Հայաստանն Արցախ է եւ վերջ» ասելուց առաջ` նախ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը
ՀԱՊԿ խորհրդարանական ասամբլեայի երեւանյան նիստին ընդառաջ` երեկ կայացավ կլոր սեղան- քննարկում «ՀԱՊԿի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով: Այն կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը եւ Եվրասիական փորձագիտական ակումբը` Ցանցային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ: Ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանները, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, այնուհետեւ հնչեցին զեկույցներ թե՛ հայ, թե՛ ռուս փորձագետների կողմից: Այդ թվում զեկույցով հանդես եկավ ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի համակարգող, քաղաքական գիտությունների դոկտոր ԻԳՈՐ ՊԱՆԱՐԻՆԸ, որից հետո` նրա հետ առիթ ունեցավ զրուցելու «Իրավունքը»:
«ԻՆՉՊԵՍ ԱՍՎՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ԵՐԳՈՒՄ` ՎԵՐՔԻՍ ՎՐԱ ԱՂ ՄԻ՛ ՑԱՆԵՔ»
– ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովի դեմ Հայաստանում մեղադրանք առաջադրվեց, որից հետո` նա հետկանչվեց իր զբաղեցրած պաշտոնից: Տեւական ժամանակ քննարկվում էր, որ ՀԱՊԿ կանոնադրությունում պետք է փոփոխություններ կատարվեն, քանի որ նման իրավիճակ այն չէր նախատեսում, եւ դժվար էր որոշել, թե ով պետք է փոխարինի նրան: Ի վերջո, կանոնադրական փոփոխություններ կատարվեցի՞ն:
-Ավելի ճիշտ կլինի ասել, որ ոչ թե կանոնադրության մեջ փոփոխության անհրաժեշտություն կար, այլ նորմատիվ իրավական փաստաթղթում: Ասեմ, որ այս հարցը բազմիցս քննարկվել է ՀԱՊԿի մշտական խորհրդի ձեւաչափով, դրան բազմաթիվ նիստեր են նվիրվել, որտեղ տարբեր տեսակետներ են հնչել:
– Բայց ընդհանուր հայտարարի եկա՞ք:
-Կարծում եմ` գտնվեց տեսակետների որոշակի կոնսենսուս, եւ այսօր փաստաթուղթը որոշակի առումով խմբագրվել է, ես կասեի` լրամշակվել է: Ընդունեք, որ իրավիճակը սովորական չէր եւ, իհարկե, ամեն ինչ մեկ փաստաթղթում հնարավոր չէր կանխատեսել, որ, օրինակ, կարող է դիմացդ փոս լինի, եւ դու պետք է աչքերդ ներքեւ պահած լինես, որ չընկնես մեջը կամ երկու մետր պետք է գնաս, հետո` շրջանցես փոսը: ՀԱՊԿը կենդանի մեխանիզմ է, եւ ծագեց ոչ ստանդարտ իրավիճակ, որը, դժվար թե, կրկնվի, որովհետեւ այն բացառություն էր: Ամեն դեպքում, բազմաթիվ երկխոսութունների արդյունքում խմբագրված փաստաթղթում հնարավորինս ամեն ինչ նախատեսված է, եւ փորձել ենք մինիմալացնել բոլոր ռիսկերը: Խնդիրը քննարկվել է, եւ հանգել ենք որոշակի բալանսի: Արդյունքում հաջողվել է գտնել փոխադարձ ընդունելի որոշում:
– Շատ խոսվեց այն մասին, որ այդ կերպ Յու. Խաչատուրովի հետկանչելը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից հարված էր կառույցի հեղինակությանը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Իհարկե, չի կարելի ասել, որ սա դրական սցենար էր: Լավ կլիներ` առանց դրա խնդիրը լուծել, բայց մյուս կողմից կյանքն անկանխատեսելի է, եւ դժվար էր պատկերացնել, օրինակ, երկու տարի առաջ մտածել, որ այդպիսի զարգացում կարող էր տեղի ունենալ: Այնուամենայնիվ, սա փաստ է, որին պետք է վերաբերվենք որպես անցյալ: Հարցն այն է, թե ինչ եզրակացություններ ենք արել դրանից, եւ մարտավարությունը որն էր` այս ոչ ստանդարտ իրավիճակն օգտագործել հարաբերությունների խզմա՞ն, քաոս ստեղծել կառույցի ներսում, թե՞ գնալ խելամիտ կոմպրոմիսների եւ որոշում ընդունել: Կարծում եմ` արդյունքում հաղթեց կառույցի խելամիտ մարտավարությունը, եւ ՀԱՊԿ անդամ պետություններն ընդունեցին, որ ՀԱՊԿ-ի ամուր լինելն առաջնային է, եւ անհրաժեշտ է գտնել իրավական փոխզիջումներ, որպեսզի չվնասվի կառույցը: Ըստ իս, սա հաջողվել է, եւ այս խնդրի բուռն քննարկումները հիմա կարծես մարել են, եւ չի խոսվում դրա մասին այդպիսի սուր տոնայնությամբ: Եվ ինչպես ասվում է հայտնի երգում` «Վերքիս վրա աղ մի՛ ցանեք»: Լավ է, որ աղ ցանելու փուլն անցանք, եւ խելամտությունը հաղթեց, մնացածը բյուրոկրատական փաստաթղթային աշխատանք էր:
«ՀԱՊԿ ԱՆԴԱՄ է ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՉ ԹԵ ԱՐՑԱԽԸ»
– Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ բազմաթիվ լայնամասշտաբ զորավարժություններ իրականացրին վերջին մեկ տարվա ընթացքում: Կարելի՞ է ասել, որ նրանք ինչ-որ գործողությունների են նախապատրաստվում, եւ որքանո՞վ է սա մտահոգիչ ՀԱՊԿ-ի համար:
– Չեմ կարծում, որ այս ամենն իրենից վտանգ է ներկայացնում: Գուցե կա, բայց այն միշտ կա, ու չեմ գտնում, որ այն ակտուալ է կամ սրված իրավիճակ կա: Ավելի շատ, կարելի է ասել, որ լարվածությունը նվազում է:
-Նվազո՞ւմ է, երբ ընդամենն օրեր առաջ Սոչիում «Վալդայ» համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բղավում էր, թե «Ղարաբաղն Ադրբեջա՜ն է»:
– Նա բազմիցս արել է տարբեր էպատաժային հայտարարություններ: Ամեն դեպքում, կասկած չունեմ, որ ՀԱՊԿ-ը կպաշտպանի Հայաստանին:
– Իսկ Արցախի՞ն, չէ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Այս առումով ռազմական գործողությունների դեպքում` ՀԱՊԿ-ը պարտավոր չի՞ լինի գոնե արձագանքել:
– Ո՛չ, որովհետեւ «Արցախը Հայաստան է եւ վերջ» ասելուց առաջ` նախ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այլ ոչ թե Արցախը, սրանք տարբեր բաներ են: Զգացմունքայնությունից պետք է դուրս գալ եւ ընդունել սա: Էլի եմ ասում` իհարկե, Հայաստանի անվտանգությունը ՀԱՊԿ-ի շրջանակում կապահովվի, բայց Արցախի խնդիրն այլ է: Այո՛, խոսքը նույն հայ ազգի մասին է, կա պատմական ճակատագիր, բայց միջպետական հարաբերությունների առումով Փաշինյանը դեռ չի իրականացրել Արցախի դիվանագիտական ճանաչումը: Միանգամից ասեմ` չգիտեմ ինչու, միգուցե այն պատճառով, որ գիտակցում է` այն իր հետ կբերի մի ամբողջ գործընթաց, որն ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր:
Աղբյուրը՝ Iravunk.com: