Նոր տեսակի, նոր որակի և նույնիսկ նոր ցածրության հետապնդումներ: Ռուբեն Մելիքյանը իրավապաշտպաններին հրավիրում է ԱԱԾ շենքի դիմաց
Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ժամը 14:30-ին լինելու է ԱԱԾ շենքի դիմաց: Պատճառը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Իմ կողմից լայվից օգտվելու պատճառն անսովոր է, այն է, ինչի մասին ես երեկ բարձրաձայնել եմ: Խոսքը վերաբերում է ՍԴ նախագահի նկատմամբ նոր տեսակի, նոր որակի և նույնիսկ նոր ցածրության հետապնդումների մակարդակին: Քրեական գործի մասին չեմ ուզում խոսել, ուզում եմ խոսել այն մասին, որ ԱԱԾ են հրավիրվել նրա ընտանիքի անդամները՝ թոշակառու հայրը, երկու դուստրերը: Ես մտածեցի, որ պատշաճ է, որ այս հարցը մեր քաղաքացիական հասարակության մակարդակով բարձրացվի ոչ միայն ֆեյսբուքյան ստատուսներ գրելով կամ հարցազրույցներ տալով, այդ հարցաքննության ժամանակ տեղում լինելով:
Առաջին ցույց տալով խիստ անհամաձայնություն այս իրավական և բարոյական, կարկիր գծեր տրորելու հանգամանքի հետ: Երկրորդ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը և դրա զսպման իրավական ուղիները և երրորդ՝ քանի որ այդ ժամին է լինելու իրավական գործողությունը ԱԱԾ-ում, սպասել փաստաբանին, որ գործողությունները ավարտվեն, և նրանից տեղեկություններ ստանալ այդ գործողությունների, դրանց բովանդակության հետ կապված»,-նշել է Ռուբեն Մելիքյանը:
«Իրավական ու բարոյական կարմիր գծերը չպետք է տրորվեն։ Հուսով եմ՝ նույն ժամին նույն տեղում կլինեն գործընկեր իրավապաշտպաններ, իրավական մշակույթի ազատ անկմամբ մտահոգ իրավաբաններ և այլ քաղաքացիներ»,-ընդգծել է նա: