Երբ հյուր է գալիս, ես ամաչում եմ, որ քանդված պատերը թափվում են ներքև. Փաշինյան
«Կառավարական առանձնատներից մեկում երկու օր առաջ տեղի է ունեցել ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմի համար ընդունելություն: Դա պետական գույք է: Պետական շենքերը, եթե չվերանորոգենք, 5 տարի հետո դրանք ավերակ կդառնան»,-խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարական առանձնատներում վերանորոգումների մասին:
«Այսօր կառավարության շենքի ներքին բակն էլ է վերանորոգվում: Երբ հյուր է գալիս, ես ամաչում եմ, որ քանդված պատերը թափվում են ներքև: Պետական գույքը պետք է սպասարկվի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ծախսերի գաղտնի լինելուն, Փաշինյանը նշեց, որ բոլոր ծախսերն արվում են հիմնավորված. «Ի՞նչ եք ուզում, ՀՀ-ում գաղտնիք չկա: Ասացինք, ուր գնում ենք, սելֆի ենք անում, հիմա ուզում եք կարմիր թղթապանակները Հայաստանից վերացնե՞նք: Այն ծախսերը, որ արվում են, արվում են հիմնավորված»,-դիմեց Փաշինյանը հարց հնչեցնող Տիգրան Ուրիխանյանին:
«Այդ հարգելի քաղաքացուն ասեք, թող ձեզ հարց չտա, այդ բոլոր հարցերը մեզ ուղղվում են և մենք դրանց պատասխանում ենք: Թող քաղաքացիները Ձեզ չծանրաբեռնեն այդպիսի հոգսերով: Մենք մեր քաղաքացիների հարցերին կպատասխանենք, Դուք նեղություն մի կրեք»,- դիմելով Ուրիխանյանին՝ ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, ըստ մամուլի`մոտ 2 մլն դոլար է հատկացվել Փաշինյանի կառավարական առանձնատունը հիմնանորոգելու համար: