23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատախազության արդարացումները Ալվինա Գյուլումյանի ու Աննա Դանիբեկյանի դեպքերով

ՀՀ Գլխավոր դատախազությունը ի պատասխան ԶԼՄ-ների, այդ թվում՝ 168.am-ի՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ հունիսի 5-ին տեղի ունեցած միջադեպով քրեական գործի բացակայության և սեպտեմբերի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարված միջադեպով քրեական գործ հարուցելու վերաբերյալ հարցումների, հայտարարել են.

«Նկատի ունենալով այս տարվա հունիսի 5-ին Սահմանադրական դատարանի մոտ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի և սեպտեմբերի 27-ին երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպերի համեմատության առունչությամբ ծավալվող տարատեսակ շահարկումները, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:

ՀՀ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ կապված միջադեպը դրանում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ, 332-րդ, 343-րդ և 225.1-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի առկայության տեսանկյունից քննության առարկա է դարձել 2019 թվականի հունիսի 5-ին քաղաքացու կողմից ներկայացված՝ ՀՀ Սահմանադրական Դատարանի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ իրեն հրելու և գցելու վերաբերյալ տրված հաղորդման կապակցությամբ նյութերի նախապատրաստման շրջանակներում:

Արդյունքում հետաքննության մարմնի կողմից կայացվել է նշված հոդվածներով հանցակազմի բացակայության հիմքով տվյալ քաղաքացու կողմից մարմնական վնասվածք ստանալու դեպքերի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ԱՐԴ/0038/01/13 գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի կապակցությամբ՝ նշելով, որ արարքը հիշյալ հոդվածով «որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն» կարող է որակվել միայն այդ դեպքում, երբ բռնություն գործադրելը կապված է եղել իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Օրենսդիրը նույն մոտեցումն է ցուցաբերել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու (ՀՀ քր. օր-ի 332-րդ հոդված) և դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու (ՀՀ քր. օր-ի 343-րդ հոդվածի 3-րդ մաս) հանցակազմերը սահմանելիս: Այսինքն այս հանցակազմերն առկա են միայն այն դեպքերում, երբ ցանկացած ձևով միջամտում են կոնկրետ գործի քննությանը, իսկ դատավորին էլ վիրավորում են պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ: Ընդ որում, միջամտություն չի կարող համարվել դատարանի կամ իրավապահ մարմինների գործունեության քննադատումը, նրանց կողմից կայացված որոշումներին բացասական գնահատական տալը:

Ալվինա Գյուլումյանը իր տված բացատրության մեջ նշել է, որ թեև ակցիայի մասնակիցների հետ տեղի ունեցած միջադեպի ընթացքում հնչել են վիրավորական արտահայտություններ, սակայն դրանք ուղղված չեն եղել կոնկրետ իր անձի հասցեին: Այսինքն պարզվել է, որ ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել ոչ թե կոնկրետ որևէ գործի քննության հետ կապված, այլ նրանց բողոքը վերաբերել է դատական համակարգին: Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն արտահայտել են ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց, ինչն ուղղված չի եղել նրանց կողմից իրենց լիազորություններն իրականացնելու կապակցությամբ դատավորներին վիրավորանք հասցնելուն, ինչպես նաև կոնկրետ դատական գործի ընթացքի վրա ազդելուն:

Բացի այդ՝ ակցիայի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն չի գործադրվել: Նման պայմաններում հետաքննության մարմնի կողմից իրավաչափորեն ակցիայի մասնակիցների նկատմամբ վերը նշված հոդվածներով քրեական գործ հարուցելը համարվել է մերժման ենթակա՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով։

Մինչդեռ 27.09.2019թ. ոստիկանության Շենգավիթի բաժնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործի շրջանակներում Ն. Մութաֆյանին և Ս. Օհանջանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-իմ մասով մեղադրանքներն առաջադրվել են այն բանի համար, որ նրանք արդարադատությանը խոչընդոտելու նպատակով կատարել են դատավոր Աննա Դանիբեկյանի տեղը պարզելուն ուղղված կոնկրետ գործողություններ, օրեր շարունակ հետևել են նրան քաղաքի տարբեր հատվածներում, իսկ Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում, գիշերը, միայնակ տուն վերադարձող կին դատավորին հետապնդել, վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, վիրավորող արտահայտություններ են արել, մասնավորապես՝ դատավորի գլխին փայտով հասցված վնասը դիտելու հայտարարությամբ ծաղրի ենթարկել, այդ ամենը ցուցադրել ուղիղ եթերով՝ ուղղակորեն կապված դատավորի վարույթում քննվող կոնկրետ «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» վերաբերյալ քրեական գործի հետ:

Ընդ որում՝ քննությամբ դեռ պետք է լիարժեք պարզվեն դատավորին հետևելու, նրա տեղը պարզելու ամբողջական և իրական նպատակները: Նրանց կողմից Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը դրսևորվել է ուղղակիորեն որպես դատավոր իր լիազորությունների իրականացման առնչությամբ: Այս առումով հիմնավորված և արդարացված չեն նշված երկու դեպքերը միմյանց հետ համեմատելու և դրա հիման վրա ընտրողական մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ արվող դատողությունները»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ