25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օտարերկրյա ներդրումներ. ինչ պետք է անել դրանք ստանալու համար. Արմեն Գևորգյան

2018թ․-ի  իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակն անհրաժեշտություն է առաջացնում  վերլուծելու տնտեսության մեջ ներդրումների հնարավոր աղբյուրները՝ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից։ Շատերին թվում էր, որ երկրում օտարերկրյա ներդրումների բուռն ներհոսք կլինի, իսկ կառավարությունը նույնիսկ ստիպված կլինի ընտրություն կատարել ներդրողների միջև։ Սա քաղաքական փոփոխությունների առաջին ամիսների մթնոլորտն էր։  Սակայն դա տեղի չունեցավ։ Դա տեղի չունեցավ նաև խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա տեղի չի ունենա նաև առաջիկայում, եթե․․․

Որպես կարևոր սկիզբ մենք պարտավոր ենք հասկանալ, որ մեր նման երկրներում ներդրումները մեծ հոսքերով չեն գալիս, նույնիսկ հեղափոխություններից հետո։ Նրանց պետք է գայթակղել, համառորեն հրավիրել, հրապուրել։ Ամենայն հավանականությամբ Հայաստանի նոր կառավարությունը ենթադրում էր, որ Սաակաշվիլիի Վրաստանի օրինակով  Հայաստանը նույնպես կողողեն ֆինանսական միջոցներով և ներդրումային նախագծերով։ Մեր հարևան երկրի դեպքում ներդրումները խիստ աշխարհաքաղաքական բնույթ են կրել։ Իսկ վերջին տարիների ներքաղաքական փոփոխությունները նախկին խորհրդային երկրներում՝ Ուկրաինայում, Մոլդովայում, Ղրղզստանում, ապացուցեցին լրիվ հակառակը, այդ պետություններում հնարավոր ներդրումների համար արգելակներ դարձան  անկայուն քաղաքական միջավայրն ու չափից ավելի հեղափոխական ձգտումների առկայությունը։ Մասնավոր, քաղաքականության հետ չկապակցված փողերը սիրում են անվտանգ միջավայր, դրանք չափազանց զգայուն են։ Այդ իսկ պատճառով միշտ հարկավոր է հարց տալ․ ինչո՞ւ օտարերկրյա ներդրողը, ով հայ չէ, պետք է իր միջոցները ներդնի Հայաստանում և ոչ թե, ասենք, Արևելյան Եվրոպայի կամ Հարավարևելյան Ասիայի այս կամ այն երկրում։ Ո՞րն է մեր երկրի մրցակցային առավելությունը։ Շատ հաճախ է հնչում նաև հետևյալը՝ աշխարհում բավականին շատ են հայկական ծագմամբ կայացած և հաջողակ գործարարները, իսկ ինչո՞ւ նրանք բիզնես ներդրումներ չեն կատարում  այսօր իրենց պատմական հայրենիքում։

Այս փուլում, առայժմ, ըստ պաշտոնական վիճակագրության և հրապարակումների, մենք ստիպված ենք բավարարվել ներքին ռեսուրսներով և արտաքին պետական պարտքի ներգրավմամբ։ Արդեն իսկ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը մեզ խոստացել են տրամադրել ոչ ավել, ոչ պակաս՝ 750 մլն դոլար։ Սա ենթադրում է աստիճանաբար համակերպում այն իրավիճակի հետ, երբ ուղղակի ներդրումների վրա հույս դնել չի կարելի և ստիպված պետք է մեծացնել պետական պարտքի բեռը։ Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ մասնավոր ներդրումներն ուղղակի արդյունք են ապահովում․ դրանք  իրական փողեր են, կոնկրետ աշխատատեղեր, լրացուցիչ ուղղակի մուտքեր դեպի տարբեր մակարդակի բյուջեներ։

Ուրեմն պետք է մտածել և գործել շատ ավելի համակարգված, հասկանալով որտեղից ինչ ակնկալիքներ են հնարավոր։ Ներդրումներ բերելը ահռելի բարդ գործ է՝ պահանջում է իսկապես համակարգված և գրագետ աշխատանք։ Այստեղ զգացմունքային դրսևորումները, անհիմն ակնկալիքները, արագ արդյունքի  ձգտումը ուղղակի անտեղի են և կվնասեն գործին։ Գրագետ, համառ և համբերատար աշխատանք է պետք։ Սա ասում է մի մարդ, ով երկար տարիներ աշխատել է այդ ուղղությամբ և կարողացել է մեր պետության համար որոշակի  արդյունքներ ապահովել։

Մեր պարագայում պոտենցիալ ներդրումներ կարելի է ակնկալել Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև՝ արաբական երկրներից։ Դրանք խիստ տարբեր ուղղություններ են և պահանջում են աշխատանքի  տարբերակված մոտեցումեր։ Առաջին երեք դեպքերում ներդրումները մեծ մասամբ կրում են ծայրահեղ հայրենասիրական կամ խիստ պրագմատիկ բնույթ, քանի որ նման ցանկություն ունեցողները հիմնականում կամ հայկական ծագում ունեն կամ կապված են հայկական շրջանակների հետ կամ էլ,  ժողովրդական լեզվով ասած,  «չոր բիզնեսմեններ» են։

Կարելի է նաև ներդրումներ ակնկալել Չինաստանից։ Սակայն այս դեպքում, որպես կանոն, ներդրողները պահանջելու են կառավարության երաշխիքները, ինչը համարյա նույնն է, ինչ  պետության կողմից ֆինանսների ներգրավումն ու համապատասխանաբար պետական պարտքի ավելացումը։ Այս մոտեցումը չի ողջունվի միջազգային ֆինանսական կազմակերպությունների մեր գործընկերների կողմից։

Արաբ ներդրողները, ունենալով պրագմատիկ և գործնական բնավորություն, մեծ կարևորություն են տալիս զգացմունքային բաղադրիչին, նրանց համար հատկապես կարևոր է բանակցությունների գործընթացը, գործընկերների հետ շփումները, ներդրողի նկատմամբ վերաբերմունքն ու ուշադրությունը։ Արաբական երկրներ ասելով, առաջին հերթին նկատի ունենք Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարն ու Քուվեյթը, մասամբ նաև՝ Լիբանանը։

Ի դեպ, հենց այս տարածաշրջանի՝ հատկապես Էմիրությունների ներկայացուցիչներն են Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո վրացական տնտեսության մեջ կատարել առաջին ներդրումները և այսօր էլ շարունակում են ներդրումներ կատարել, այդ թվում՝ ունենալով արևմտյան ազդեցության կենտրոնների երաշխիքներն այդ ներդրումների անձեռնմխելիության և երկարատևության մասով։

Փորձեմ կիսվել իմ որոշ պատկերացումներով, թե ինչու է հարկավոր առանձնահատուկ ուշադրություն դարձնել Ծոցի այս երեք երկրների վրա՝ ելնելով ինչպես այդ երկրների պետական էլիտայի, այնպես էլ գործարար համայնքի հետ աշխատանքի իմ երկարամյա փորձից։

1. Արաբական մասնավոր ներդրումների առավելությունն այն է, որ այն միանգամից «երեքը մեկում» է։

– Պոտենցիալ ներդրողների մոտ սեփական ֆինանսական միջոցների առկայությունը, այլ կերպ ասած՝ «փող կա»,

-Արաբ ներդրողը, սկսելով նախագիծը, անպայման կբերի համապատասխան ոլորտի նոր տեխնոլոգիաներ,

– Արաբ ներդրողը Հայաստանում անձամբ ինքը չի զբաղվի բիզնեսով, այլ կներգրավի բարձր որակավորում ունեցող կառավարիչների թիմ։

Այսպիսով` ստացվում է երեքը՝ մեկում․ ֆինանսներ+տեխնոլոգիաներ+կադրեր։

Վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ այլ տարածաշրջաններից եկող ներդրումների պարագայում, որպես կանոն, բացակայում են վերոնշյալ բաղադրիչներից մեկը կամ երկուսը։

2. Ինչո՞ւմ է կայանում փոխադարձ շահն ու ստեղծված առավելությունը։ 

· Ծոցի երկրները կարող են դառնալ հայկական ապրանքների (բացի ալկոհոլից)  սպառման պոտենցիալ նոր շուկաներ, ինչը կնվազեցնի մեր արտադրողների կախվածությունը ավանդական շուկաներից, ինչպես նաև հնարավորություն կտա ընդարձակել արտադրական հզորությունները։

· ՀՀ-ից ծառայությունների, այդ թվում՝  տեղեկատվական տեխնոլոգիաների արտահանում։

· Երկկողմ տուրիզմ:

· Ներդրողներից շատերը հետաքրքրված են իրենց արտադրությունները անկայուն ներքաղաքական իրադրություն ունեցող երկրներից, օրինակ՝ Կենտրոնական և Հյուսիսային Աֆրիկայից նոր երկրներ տեղափոխելու հնարավորություններով։

· Ինտենսիվորեն աճում է Ծոցի երկրների մասնավոր ներդրողների հետաքրքրությունը ՀՀ գյուղատնտեսության նկատմամբ։

· Դիտարկվում են նոր նախագծեր անշարժ գույքի (հյուրանոցների կամ բնակելի համալիրներ), ինչպես նաև հանրային սննդի և առևտրի ոլորտներում։

· Հետաքրքրություն է ներկայացնում նաև ՀՀ-ի միջոցով ԵԱՏՄ շուկա ներթափանցելու հնարավորությունը։

· Զարգանում է միջպետական երկխոսությունը, ձևավորվում են նոր հարաբերություններ։ Էմիրություններն ու Քուվեյթը իրենց դեսպանություններն են բացել Երևանում, իսկ Հայաստանը շուտով առանձին դեսպանատուն կունենա նաև Քաթարում:

· ՀՀ-ը զարգացնում է այդ երկրների հետ կրթական-մշակութային համագործակցությունը, իսկ վերջին շրջանում կողմերը սկսել են դիտարկել համագործակցությունը նաև այլ ոլորտներում, օրինակ՝ ռազմատեխնիկական համագործակցության։ Փոխադարձաբար կարող են հետաքրքրություն ներկայացնել պետական կառավարման համակարգի, նորարարության և նոր տեխնոլոգիաների զարգացման, կրթության և առողջապահության ոլորտներում փորձն ու աշխատանքը։

·  Ոչ պակաս կարևոր ևս մեկ հանգամանք. այդ պետությունների հայ համայնքները։ Կան զգալի թվով  հայկական ծագմամբ հաջողակ գործարարներ, ովքեր ունեն անհրաժեշտ կապեր և հնարավորություններ ուղղորդելու, համոզելու տեղացի գործարարներին Հայաստանում համատեղ կամ նույնիսկ անհատապես ներդրումներ անելու։

3. Ուրիշ ի՞նչը կարող է խրախուսել Ծոցի երկրների ներկայացուցիչների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ.

– Ամենաբարձր մակարդակում շփվելու և իրենց հարցերը լուծելու հնարավորություն, ընդ որում՝ գործընկերների նկատմամբ ունենալով վստահության մեծ մակարդակ։ Անձնական երաշխիքների գործոնն այս երկրների մենթալիտետի ու ավանդույթների առանձնահատկությունն է։

– Երկրում անվտանգությունն ու պոտենցիալ ներքին քաղաքական կայունությունը, տեղի բնակչության լոյալությունն ու բարյացակամությունը, կրոնական հանդուրժողականությունը և այլն։

– Առանց վիզայի ՀՀ այցելելու հնարավորությունը և ինտենսիվ ավիահաղորդակցության առկայությունը, թռիչքի համեմատաբար կարճ տևողությունը։

– Որակյալ աշխատուժի առկայությունը՝  բնակչության կրթական մակարդակը, ինչպես նաև, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, արաբերեն խոսող մարդկանց մեծ թիվը՝ Սիրիայի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հայկական սփյուռքի ներկայացուցիչների շնորհիվ։

4. Ի՞նչն է խոչընդոտում Ծոցի ներդրողների պոտենցիալ ակտիվությանը։

– Տարածաշրջանի հիմնական ներդրողները գտնվում են սպասման ռեժիմում և նոր «երաշխավորների» փնտրտուքի մեջ․ ներդրողները շփոթված իրավիճակում են հայտնվել, չեն կարողանում կողմնորոշվել՝ շարունակե՞լ իրենց նախագծերը, թե՞ դադար վերցնել։ Ներդրողներից շատերը ունեին իրենց կապերն ու երաշխավորները։

– Առկա ներդրողները հայտնվեցին մի իրավիճակում, երբ տեղի գործիչները՝ պետական և տեղական պաշտոնյաները շատ հաճախ փորձում են «իրենց ձեռքերը տաքացնել» այդ նախագծերում․ ապրանքները վաճառել կամ ծառայությունները մատուցել ավելի թանկ, քան դրանց շուկայական արժեքն է, միայն այն պատճառով, որ ներդրողները Ծոցի երկրներից են։

– Չկան նոր, հետաքրքիր ու մասշտաբային առաջարկություններ և կոնկրետ ներդրումային նախագծեր։

5. Ի՞նչ է պետք անել․

–  Ստեղծել գործարարների մշտական գործող ֆորում, սկզբնական փուլում Հայաստանի և Էմիրությունների միջև։ Դա կլինի ինքնատիպ ոչ պաշտոնական հարթակ՝ տեղեկատվության, ծրագրերի և գաղափարների փոխանակման համար։ Այս հարթակի միջոցով իշխանությունները կկարողանան ձեռքը պահել ներդրողների հիմնական տրամադրությունների և անհանգստությունների զարկերակի վրա։

– Հայաստանը ինտենսիվորեն պետք է մասնակցի այդ երկրներում անցկացվող ամենամյա թեմատիկ ցուցահանդեսներին։ Պետությունը պետք է այս հարցում օգնի մասնավոր հատվածին։ Շատ ինտենսիվ է պետք պատրաստվել Դուբայում անցկացվելիք «Էքսպո-2020»-ին, արժանիորեն ներկայացնել Հայաստանը այդ կարևոր միջազգային համաժողովում։ Դա լինելու է Նոր Հայաստանի դեմքը։ Շատ քիչ ժամանակ է մնացել։

–  Մշակել նոր տրանսպորտային սխեմաներ՝ Հայաստանից ապրանքները Էմիրություններ մատակարարելու համար։ Ի դեպ, այս տեսանկյունից հարկավոր է մանրամասն ուսումնասիրել Թուրքիայից դեպի Քաթար նմանատիպ մատակարարումների  սխեմաները, երբ վերջինս հարևան երկրների կողմից ենթարկվեց բլոկադայի։

– Ծոցի երկրներում գործում են բազմաթիվ սուվերեն և ներդրումային հիմնադրամներ, որոնք կարող են միջոցներ տրամադրել ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև ուղղակիորեն մասնակցել այդ ծրագրերին։ Այս հիմնադրամների հետ քննարկելու համար մենք պետք է ունենանք հնարավոր ծրագրերի և նախագծերի շատ հետաքրքիր փաթեթ, այդ թվում՝ մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում։

–  Պատրաստ լինել անվերադարձ հիմունքներով տրամադրել պետական ակտիվներ՝ ներդրումների և ապագա բարելավումների դիմաց։

– Պետական մասնակցությամբ ստեղծել համատեղ արտահանման կենտրոններ՝ Ծոցի երկրներ արտահանվող ապրանքների միասնական ստանդարտով։ Օրինակ՝ ապահովել խմելու ջրի մատակարարում մեկ ընդհանուր ապրանքանիշի ներքո՝ այն գնելով տեղի արտադրողներից․ նույնը նաև ջեմերի, մուրաբաների,  հյութերի և վերամշակված այլ արտադրատեսակների համար։ Այս առումով պետությունը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի՝ բարձրացնելով  բոլոր այն ծառայությունների արդյունավետությունը, որոնք երկրում իրականացնում են սանիտարական և արտադրության որակի վերահսկողություն։

– Հայաստանում նոր, տարածաշրջանային նորարարական հետազոտությունների արաբական կենտրոնի ստեղծման նախաձեռնում․ այն կարող է դառնալ իր տեսակի մեջ առանձնահատուկ կրթական-հետազոտական կազմակերպություն՝ ամերիկյան կամ սլավոնական համալսարանի օրինակով։

– Արաբ ներդրողների համար կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում մասշտաբային տվյալների կենտրոնների (Data Center) հիմնումը՝ հաշվի առնելով կլիմայական առանձնահատկությունները. դրան առաջին հերթին կարող են նպաստել բարձր լեռնային շրջանների, ՏՏ ոլորտում բարձր որակավորմամբ մասնագետների առկայությունը։

– Չպետք է խոչընդոտներ ստեղծվեն արաբ ներդրողների համար միայն այն պատճառով, որ վերջիններս իրենց ծրագրերը սկսել են իրականացնել կամ նախապատրաստել իրականացման նախորդ իշխանությունների օրոք․ դա շատերին վախեցնում է և ստիպում դադար վերցնել։ Դեպքերը մեկ-երկուսն են, սակայն անհանգստությունը համատարած է դառնում։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ