28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանի մոտիվացիան. անձնական շա՞հ, թե՞ անձնական հոգեկան խանգարում

Միգել Աստուրիասի «Սինիոր Պրեզիդենտ» և Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վեպերի մեջ սահուն կերպով կտեղավորվեր այն, որ երկրի ղեկավարի կոչով պատգամավորները փակում են բոլոր դատարանների դռները, ապա նրա իրավաբանը ինքն իրեն հռչակում է դատրանի նախագահ։Եվ այն մտավորականները, հասարակական ակտիվիստներ, լրագրողներ, գիտության թեկնածուներ և դոկտորներ և նույնիսկ մի ակադեմիկոս, ովքեր հիանում են վարչապետի կոչով դատարանների դռները փակելուց, և բացատրում, թե ինչ կարևոր իրավական քայլ էր, որ Նիկոլի մարդը ինքնահռչակվեց դատարանի նախագահ, ամենայն հավանականությամբ նույն հրճվանքով կասեն՝ ինչ հիանալի վեպ է «Նահապետի աշունը»։

Փաշինյա՞նն է մեղավոր, որ իշխանության գայթակղությանը դիմանալու բավարար հոգեկան հավասարակշռություն չունի, թե՞ մտավորականները, որ այնքան խելք չունեն հասկանալու համար, որ հոգեկան պրոբլեմներ ունեցող մի թերուսի նոպաներ որպես հմուտ քաղաքականություն են ընդունում։

Ստեփան Դանիելյանը հարց է բարձրացնում՝ Հայաստանի հանրապետության շա՞հն է առաջնային, թե՞ Նիկոլ Փաշինյանի, «ո՞ւմ շահերից է բխում Հայաստան-Արցախ արհեստական հակադրությունը կամ դատական համակարգը ոչ թե բարեփոխելը, այլ դիսկրիդիտացնելը»։Հարցը հռետորական է, պատասխանը պարզ է՝ բխում է ոչ թե Հայաստանի, այլ Նիկոլ Փաշինյանի շահերից։

Բայց մեկ այլ հարց էլ է առաջանում, իր հետևից բերելով մի շարք հարցեր, որ հռետորական չեն, և հոգեվերլուծական ուսումնասիրության թեմա է.Ի՞նչ է նշանակում շահ, արդյոք Նիկոլ Փաշինյանն իր համար ձևակերպել է ի՞ր շահը, թե՞ նա իր կպչուն մտքերն ու բարդույթները շահի տեղ է ընդունում ու բավարարում դրանք։

Օրինակ, ինչո՞վ է նրան շահավետ Ռոբերտ Քոչարյանին հետևողական հալածելը. Նախ էգեյան ծովի ափերից կանչում է, ապա դատավորներին ստիպում, որ կալանքի սանկցիա տան, դատավորը վախեցած տալիս է, բայց իրավական հիմքերի բացակայությունը ստիպում է Վերաքննիչ դատրանին ազատել նրան, Փաշինյանը իրեն կորցնում է ու նետվում միտինգի, գոռում՝ դատավոր կա՞ ով ինձ կարող է չլսել, էլի կալանել տալիս Քոչարյանին։

Մի քանի ամիս բանտում մնալուց հետո, այս անգամ առաջին ատյանի դատարանն է ազատում նրան ու գործը ուղարկում Սահմանդրական դատարան։ Փաշինյանի անձնային խանգարումը նրան շոկի մեջ է գցում.Սահմնադրական դատարանը 100 տոկոսով կվճռի, որ հակասահմանադրական է Քոչարյանի դեմ գործ հարուցելը ու այլևս Քոչարյանին չի կարող փակել։ Ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ։ Եվ առանց ծանրութեթև անելու, մոլեգին նոպայի մեջ կոչ է անում շրջափակել դատարանները։ Գտնվում են մարդիկ, էն էլ պատգամավորներ, որ նետվում են, դատարանների դռները փակում։ Մի քանի օր անց Փաշինյանի շոկը անցնում է, սկսում է գիտակցությունը տեղը գալ, ու հասկանալ, որ ահավոր բան է արել, որ հլը երկիրը հեչ, իրեն ի՜նչ մեծ վնաս տվեց, իսկ օգուտը զրո է. Սահմանադրական դատարանը էլի նույն որոշումը կարող է ընդունել, ու մի քանի օր անց լրագրողները, երբ դեմ են տալիս միկրոֆոնը, թե ինչու շրջափակեցիք դատարանները, Փաշինյանի լեզուն փաթ է ընկնում, կմկմում է, չի կարողանում հոդաբաշխ նախադասություն ասել, բայց մի բացատրություն պիտի տա՞, ու զառանցանքային մտքեր է ասում ՝ շրջափակեցի, որ պարզ լինի՝ ես դատարանների վրա ազդեցություն չունեմ։ Մարդիկ կան, որ սկսում են վերլուծել այս նախադասությունը, տանջվում են, որ հասկանան՝ ինչ-որ մեկը կասկածո՞ւմ էր, որ դատրանների վրա ազդեցություն ունե՞ս, հիմա էդ ինչ-որ մեկը համոզվեց, որ չունե՞ս։ Դե շարքային պարանոյիդ չի, իրենց երկրի վարչապետն է, բա չհասկանա՞ն, թե գլխներին ինչ է գալու։

Բայց էլի անձնային խանգարումը չի անցնում, անձը խառնաշփոթի ու խուճապի մեջ է, Վերաքննիչում դատավոր կա՞, որ ուզածս չանի։ Չէ, չկա, հանգստացեք, ձեզ հանգիստ է պետք, իրոք՝ չկա, ու Վերաքննիչ դատարանի դատավորը առաջին ատյանի դատարանի վճիռը կասեցնում է, երրորդ անգամ կալանվարում Քոչարյանին, և ամենակարևորը՝ կանխում Սահմանադրական դատարանում գործի քննությունը։

Չէ, բայց, մարդ ես, կարող է մի դատարանը մյուսից շուտ նիստ գումարեր չէ՞, և օգնության է հասնում մի ուրիշ խանգարված, Քրիստոսի ձայնով ՀԱԿ֊ի իրավաբան Վահե Գրիգորյանը, ելքը գտել է, արի ֆռցնենք երկրի նախագահին, թող ինձ էլի առաջադրի Սահմանադրականի դատավոր, հենց ընտրվեմ, կասեմ, վե՛րջ, ես եմ Սահմանադրականի նախագահը, Քոչարյանի պապկեն կառնեմ, և կնիքը կխփեմ՝ Քոչարյանի դեմ գործ հարուցելը սահմանադրական է։

Բայց Վերաքննիչը ավելի շուտ կասեցրեց առաջին ատյանի որոշումը, քան Սահմանադրականը գործի կանցներ, ու անիմաստ եղավ Սահմանադրական դատարան ներխուժումն ու նախագահի գահը զավթելու օպերացիան։Ու էլի, Նիկոլ Փաշինյանի պարանոիդալ վարքագծի զոհն են դառնում մի շարք մտավորականներ, մանավանդ՝ իրավաբան, որ սկսեցին լուրջ դեմքով բացատրել, թե Վահե Գրիգոյանն է Սահմանադրականի իրական նախագահը։

Դեռ մի կողմ, թե Հայաստանը ինչ կորցրեց, տեսնենք ինքը՝ Փաշինյանը ի՞նչ է կորցրել.

  1. Դատարանի դուռ փակելով ու ՍԴ-ի նախագահի աթոռը բռնազավթելու փորձով ժողովրդավար առաջնորդի համբավը իջացրեց նախորդ վարչապետից մի քանի անգամ ցածր, պլինդուզից էլ ներքև ու խաչ քաշեց ժողովրդավար գործչի իր ապագայի վրա, ով հետը վատացավ, երեսին շրխկացնելու է՝ էդ չես, դատարանի դուռ փակող, իսկ նրա հետ վատացողները միայն ներսում չեն, դրսում էլ են լինելու՝ կարող է մի օր Պուտինը լինել, մի ուրիշ օր եվրոմաման, համ էլ, պատմության մեջ մնալու է որպես դատարանի դուռ փակող դեսպոտ։
  2. Ռուսաստանի նախագահի ու ընդհանրապես Ռուսաստանի իշխող խավերի հետ հարաբերությունները փչացրեց, երեք անգամ կալանավորեց մեկին, ում աշխարհի ամենահզոր երկրներից մեկի ղեկավարը մի քանի անգամ ցույց տվեց, որ իր ընկերն է։ Ինչքան էլ ժպիտ ծամածռելով ասի՝ Պուտինի հետ շատ լավ ենք, մեկ է, չի անցնի։
  3. Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական լուրջ գործոն, նա իր հավասարակշռված ու վստահ կեցվածքով սկսեց վստահություն ներշնչել, և նրա շուրջը գնալով ավելի շատ մարդ է համախմբվում։

Իսկ ի՞նչ ստացավ. Քոչարյանին դատապարտող դատավճի՞ռը։ Բայց էն էլ դեռ չի ստացել, ու դեռ հայտնի չէ՝ կստանա, թե չէ, իսկ եթե ստանա էլ, արանքում էլ էլ ինչեր է կորցնելու։

Ուրեմն, Նիկոլ Փաշինյանը իր շահերո՞վ էր առաջնորդվում, թե՞ հոգեկան խանգարումներով ու վնուշկեքով, որոնք հոգեկանը չկարգավորելու պատճառով թյուրիմացաբար շահի տեղ է դրել։

Իսկ ի՞նչ հոգեկան խնդիրներ են նրան տանջում. գուցե անգիտակցականում մարտի 1-ի սպանությունների մեղքի զգացո՞ւմ ունի, իսկ եթե մեղքի զգացումը բացակայում է, ապա գուցե նրան թվում է, թե հասարակության գիտակցության մեջ ինչ-որ տեղ մնացե՞լ է, որ մարտի մեկի ողբերգության մեղավորը ինքն է, և մի օր, մեկ էլ տեսար, դասագրքերում գրվեց՝ Նիկոլ Փաշինյանը ամբոխին առաջնորդեց գրոհի ու 10 զոհ և 200֊ից ավելի վիրավոր տվեց։ Այս «մեղադրանքի» ու «մեղքի» բեռից ազատվելու համար միակ միջոցն այն է, որ նա ով կանխել էր մարտի մեկին իշխանությունը զավթելու օպերացիան, դատարանի կնքված դատավճռով դատապարտվի որպես մարտի 1-ի մեղավոր։ Այսինքն, դատական ատյանի կողմից հաստատված բարաթ է իրեն պետք, որ թափահարի՝ ահա՛ ճշմարտությունը, ես անմեղ եմ, մեղավորը Քոչարյանն է։

Օգոստոսի 17-ին, երբ նա հայտարարեց, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, իսկապես անկեղծ էր, քանի որ նրա համար մարտի 1-ի բացահայտումն այն է, որ իր փոխարեն մեկ ուրիշի վրա մեղքի բեռը դրվի։

Այդ բարաթը ստանալը Փաշինյանի անձնական շա՞հն է, թե՞ անձնական հիվանդությունը։ Կամ Արցախի հետ գժտվելը, ասենք թե բանակցություններում կիկս էր տվել, Վիտալի Բալասանյանն էլ մի փոքր հեգնական ասել էր՝ ինքն է վերելակում բանակցել, իրեն հարցրեք, թե ինչի են մեր զինվորներին սպանում։ Արժե՞ր միայն նրա համար, որ ցուցադրի, թե ինքը ճիշտ է, հայտարարել, թե Արցախում դավադիր ուժերը պատերազմ են հրահրում, որ հետո հող հանձնեն, իր վրա գցեն։ Բալասանյանը մի բան ասել էր, մի քանի հոգի կխնդար, կմոռացվեր, կգնար։ Բայց չէ, Փաշինյանի ինքնասիրությունը հոգեկան խանգարման դրսևորումների է հասնում, և նա մինչև տեղը չդնի, չի հանգստանա։ Այ հիմա, կասկած է առաջացնում այն, որ ԵԽԽՎ֊ում «Իմ քայլ»-ի երկու պատգամավորները չքվերակեցին Ռուսաստանի պատվիրակությանը վերադարձնելու օգտին, մեկը դեմ քվեարկեց, մյուսը՝ չմասնակցեց, Փաշինյանի մուռն էր Զախարովայից, ով իրեն ծաղրել էր՝ բառացի մեջբերելով նրա ապուշությունը՝ «Երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»։

Կարծում եմ՝ այս ամենը ոչ թե անձնական շահ է, այլ անձնական հիվանդություն։ Անձնական շահը այն կլիներ, որ անձը երկիրը հանգիստ թողներ և ձգտեր ազատվել իրեն ղեկավարող պարանոիդալ մտքերից, աշխարհի մասին աղավաղված պատկերացումներից, հոգեկան խանգարումներից և հոգեբանի մոտ մի քանի սեանսներ անցնելով կարգավորվեր, իսկ եթե չօգներ, դիմեր հոգեբույժի։

Ցավոք, մեր հայ հասարակությունում հոգեկան խանգարումները խոստովանելն ամոթալի է, մանավանդ քաղաքական գործչի համար։Իհարկե, այն պնդումն էլ կա, թե իբր Փաշինյանն այդ ամենը հատուկ է անում՝ Արցախի ռազմական վերնախավի հետ արհեստական կոնֆլիկ է ստեղծում, Ռուսաստանի հետ հարաբերությունները արհեստական սրում է, Սահմանադրական դատարանը իրենով է անում, որ Արցախյան կարգավորման Բոլթոնյան նախագիծը իրականացնի։Բայց չէ, չհավատանք՝ ժողողովրդի վարչապետը չի կարող այդպիսի հակահայկական քայլեր անել, չէ, նա ուղղակի անձի խանգարում ունի։

Գովազդ. դիմեք հոգեկան առողջության «Հանգիստ նստած տեղը» կենտրոն՝ ձեր և մեր առողջության համար»։

Վահան Իշխանյան

հրապարակախոս

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ