23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գլխավոր դատախազը Վերաքննիչից պահանջեց կալանավորել նախկին նախագահին

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, ներկայացնելով Քոչարյանի ու մյուսների գործով բողոքի հիմքերը, զավեշտալի ու կրավորական համարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կեցվածքը։

Հիշեցնենք՝ դատախազությունը և տուժողի իրավահաջորդները Վերաքննիչ դատարանում բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ Մարտի 1-ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև Քոչարյանին Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ կալանքից ազատ արձակելու որոշումները։ Դատավորը, մասնավորապես, կասկածի տակ էր դրել Քոչարյանին ու մյուսներին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը խուսափել է սեփական գնահատականներ հնչեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ։ Զավեշտալի ենք համարում այն, որ գործն ըստ էության քննության համար վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով գործի ողջ նյութերը, ընդ որում բազմապատիկ առավել նյութեր, քան խափանման միջոցի հարց քննած մյուս դատարանները, իր որոշման մեջ, թույլ տվեք ասել, կրավորական կերպով արձանագրել է հիմնավոր կասկածի առնչությամբ նախկին դատարանների դիրքորոշումները», – հայտարարեց Արթուր Դավթյանը։

Նա տարօրինակ համարեց այն, որ քրեական գործով նյութերը, որոնք մի քանի տասնյակ հատոր են կազմում, դատավորն, ունենալով իր ձեռքի տակ, կայացնում է մյուս դատական ատյաններից արտատպած որոշում։ Դավթյանը դա համարեց այդ գործով արդարադատություն իրականացնելուց խուսափելու միտում։

Գլխավոր դատախազը նկատեց, որ բացի գործով ամբողջական նյութերին տիրապետելուց, դատարանում ներկայացվել էր Քոչարյանին առաջադրված մեղադրանքներով հիմնավոր կասկածի առկայությունը, ՀՀ-ում 2008-ին սահմանադրական կարգը տապալելու արարքի նկարագրությունը, ներկայացվել է դա վկայող ապացույցներ։

Անդրադառնալով Քոչարյանին առաջադրված մյուս մեղադրանքին՝ խոշոր չափով կաշառք ստանալու, Դավթյանն ասաց, որ գործում մանրամասն ներկայացվել են ձեռք բերված ապացույցները։

«Այս պայմաններում դատարանը բացարձակ սեփական դիրքորոշում չի հայտնել մեղադրանքի առնչությամբ։ Միայն մեկ դետալ եմ ուզում ձեր ուշադրությանը ներկայացնել՝ գործում առկա է նաև մեղադրյալի ու նրա մերձավոր ազգականների գույքային դրության, հատկապես բանկային հաշիվների շարժի վերաբերյալ տեղեկատվություն, որի վերլուծությունը հնարավորություն է տալիս հասկանալ, որ կաշառքի առարկան անցել է մեղադրյալի տիրապետությանը։ Մասնավորապես, նույն ժամանակահատվածում առկա են մեծ գումարների մուտքեր մեղադրյալի որդու բանկային հաշիվներին, որոնց վերաբերյալ քննության ողջ ընթացքում որևէ ողջամիտ բացատրություն ձեռք չի բերվել», – հայտարարեց Արթուր Դավթյանը։

Նկատենք՝ խոսքը 3 մլն դոլար կաշառքի մասին է, որը, ըստ մեղադրանքի, փոխանցվել է գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ու գործարար Սամվել Մայրապետյանի միջոցով։

Ինչ վերաբերում է խափանման միջոցի ընտրությանը, Դավթյանը հայտարարեց, որ խափանման միջոց կալանքը, որին պնդում է դատախազությունը, ինքնանպատակ չէ։

«Մեղադրյալին մեղսագրված արարքները կազմակերպված, հստակ դերաբաշխմամբ, հանցավոր սխեմայի դրսևորում է, որի դերակատարները տվյալ պահին ծառայողական ուղղակի կախվածություն են ունեցել մեղադրյալ Քոչարյանից։ Պետական ապարատի մի զգալի հատված անմիջական ներգրավվածություն է ունեցել հանցավոր գործունեությանը։ Մեղսագրված իրադարձությունների ընթացքում տասը անձինք են զոհվել, որոնց հանգամանքների շղթայական բացահայտումները ակտիվ, մեղավորների հայտնաբերումը ակտիվ ընթացքի մեջ է։ Քննության ակտիվ ընթացքի առկայության պայմաններում ակնհայտ չէ՞ արդյոք դրանում ներգրավված անձանց փոխադարձ շփումների, օբյեկտիվ քննությանը խոչընդոտներ ստեղծելու մոտիվացիա», – հայտարարեց Դավթյանը՝ չբացառելով նաև մյուս մեղադրյալների հետ հնարավոր շփումը։

Նա պնդեց՝ առավել քան փաստարկված է մեղադրյալի կողմից գործի օբյեկտիվությանը խոչընդոտելու ռիսկը։ «Առաջին ատյանի դատարանը ապօրինի ու անհիմն դատական ակտ է կայացրել՝ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը։ Գտնում ենք, որ այդ խափանման միջոցը անհամաչափ է, ենթակա է բեկանման և ստեղծված իրավիճակում մեր կողմից ներկայացված հիմնավորումներով մեր օրենսդրությամբ նախատեսված կալանավորումն է», – դիմելով դատարանին՝ հայտարարեց դատախազ Արթուր Դավթյանը։

Այժմ իր բողոքի հիմքերն է ներկայացնում տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ