ՀՀԿ ԳՄ նիստը կանդրադառնա ՏԻՄ ընտրություններին
Վաղը` օգոստոսի 30-ին տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ: Չի բացառվում, որ ԳՄ նիստին կուսակցական-կազմակերպչական հարցերի հետ միասին կքննարկվեն նաեւ առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առնչվող խնդիրներ: Այս մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ ր է, որ ՀՀԿ ԳՄ նիստին անդրադարձ կատարվի ԲՀԿ խոսնակի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ական թեկնածուներին չի սատարելու, մինչդեռ, ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն Գյումրիի քաղաքապետի ընտրություններին սատարելու է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, Շարմազանովը պատասխանեց.
“Հանրապետականը նախաձեռնող քաղաքական ուժ է եւ ինքն է որոշում, ում, որտեղ եւ ինչպես սատարել` հաշվի առնելով թե տվյալ համայնքի զարգացման կարեւորությունը, թե ծրագրերը եւ թե բնակիչների շահերը:
Հանրապետականն առաջնորդվում է ոչ թե կուսակցամոլությամբ, այլ այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ամենապետականամետ, ամենաազդեցիկ եւ ամենակենսունակ քաղաքական ուժն է եւ, եթե այլ քաղաքական ուժերից կան նախընտրելի թեկնածուներ, ինչու չպաշտպանել, մենք առաջնորդվում ենք պետության շահերով` ընդհանուր առմամբ, իսկ ՏԻՄ ընտրություններում` յուրաքանչյուր համայնքի եւ ՀՀ տարածքային համաչափ զարգացման շահերով”,-ասաց Էդուարդ Շարմազանովը եւ հավելեց.”Ես մեկ անգամ իմ կոլեգային ասել եմ, եւս մեկ անգամ կրկնում եմ` երբեք մի ասա երբեք”:
ՏԻՄ ընտրություններից ՀՀԿ-ն լուրջ ակնկալիքներ ունի: Իշխող կուսակցությունը, ԱԺ փոխնախագահի խոսքով, ՏԻՄ ընտրությունները կարեւորում է 2 տեսնակյունից` դրանք հաջորդում են խորհրդարանական եւ նախորդում նախագահական ընտրություններին:
“Որոշ քաղաքական ուժեր ՏԻՄ ընտրությունները չեն համարում քաղաքական գործընթաց, ինչը զարմանալի է: Զարմանալի է, որ որոշ քաղաքական ուժեր շատ պասիվ են եւ “մատների արանքով” են նայում այս գործընթացին, ինչը վկայում է, որ սահմանների ամրապնդման, սահմանամերձ գյուղերի զարգացման եւ Հայաստանի տարածքային համաչափ զարգացման ռազմավարություն մշակելու մասին նրանց հայտարարությունները ընդամենը փուչ խոսքեր են”,-մեզ հետ զրույցում շարունակեց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի խոսքով, ՀՀԿ-ն կարեւորում է նաեւ, որ ՏԻՄ ընտրությունները եւս անցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան եւ այս իմաստով հիմնական պատասխանատուն պետք է լինի հենց Հանրապետականը:
Ինչ վերաբերվում է ՀՀԿ ակնկալիքներին, Շարմազանովի խոսքով, ՀՀԿ-ն 65-70 տոկոս համայնքներում կարժանանա վստահության քվեների եւ կպահպանի իր դիրքերը եւ լուրջ ներգրավվածություն կունենա նաեւ 700-ից ավելի համայնքներում կայանալիք ավագանու ընտրություններին:
“Այնպես, որ եթե շատ քաղաքական ուժեր խոսում են պետության զարգացման մասին, բայց պետությունը տեսնում են Երեւանի շրջանակներում, Հանրապետականը ոչ միայն խոսում է տարածքների համաչափ զարգացման մասին, այլեւ` գործում է”,-եզրափակեց մեր զրուցակիցը: