Բռնաբարության մեջ մեղադրվող գյուղապետի փաստաբանը հրաժարվել է
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր` օգոստոսի 30-ին դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ կշարունակվի Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի դռնփակ դատավարությունը: Սա թվով 4-րդ նիստն է:
Հիշեցնենք, որ 50-ամյա Ազատ Ղուկասյանը մեղադրվում է 14-ամյա Ա. Պ.-ին բռնաբարելու մեջ:
Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 10 տարի ժամկետով:
Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց տուժողի փաստաբան Կարեն Մեժլումյանը, ներկայումս դատաքննության փուլն է: Տուժողը դատարանում ցուցմունք է տվել արդեն: Այլ տեղեկատվություն ճշտել չհաջողվեց:
Մեղադրյալի փաստաբան Արա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ զբաղվածության պատճառով ինքը չի զբաղվել այդ գործով: Այն հարցին, թե արդյոք որեւէ նիստի չի մասնակցել, ասաց` այլ տեղեկություն հայտնել չեմ կարող: