Մնացականյանը պարզաբանեց Փաշինյանի հայտարարությունը`ով է որոշելու
Երբ վարչապետն ասում է, որ ժողովուրդն է որոշելու ԼՂ խնդիրը, դա չի նշանակում, որ ժողովուրդն է գնալու բանակցությունների: Կա կառավարություն, որն ունի ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով տրված մանդատ: Կառավարությունն իր մանդատի շրջանակներում է և չի կարող անել մի բան, որը կխախտի այդ մանդատը: Կառավարությունը բանակցություններում իր վրա պատասխանատվություն է վերցրել և տանելու է մինչև վերջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հարցին, թե ինչպես է պարզվելու ժողովուրդի տեսակետը, Մնացականյանն ասաց, որ դեռևս այդ փուլը չէ. «Մենք չունենք ձևեր հասկանալու, թե ինչպես է աշխատում հասարակական կարծիքը մեր հասարակության մեջ, առավել ևս, որ մեր հասարակությունն ինստիտուցիոնալ առումով շատ ավելի զարգացած է, քան մեզ թվում է»:
Մնացականյանը նշեց, որ կառավարությունն ունի իր պատասխանատվությունը՝ բանակցելու և փնտրելու խաղաղ կարգավորման ձևաչափը, ձևերը. «Չեմ կարծում, թե հիմա ժամանակն է այդ մասին խոսելու համար: Իսկ վարչապետը խոսում է սկզբունքի մասին, որովհետև հաճախ եղել են իրավիճակներ, իբր գործընթաց է ընթանում, որը կարող է ժողովրդից կտրված լինել: Մեր հասարակության մեջ կառավարությունն արտահայտում է ժղովրդի կամքը, այդ կամքի հիման վրա էլ իր վրա վերցրել է պատասխանատվություն»: