Ճանաչեցին Հայաստանը
Ապրիլի 21-ից 27-ը “Բարեկամություն” հասարակական կազմակերպությունը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ Եվրամիության “Youth in Action” ծրագրի շրջանակում իրականացրեց “Future first” երիտասարդական փոխանակման ծրագիրը, որին մասնակցեցին Գերմանիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Խորվաթիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Հայաստանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների 44 ներկայացուցիչ:
“Ծրագրի նպատակն էր ոչ ֆորմալ կրթական մեթոդներով զարգացնել մասնակիցների անձնական, սոցիալ-կրթական և մասնագիտական որակները, ընդլայնել երիտասարդության միջազգային հաղորդակցության ուղիները: Ծրագիրը նրանց հնարավորություն ընձեռեց փոխանակվելու կրթական, մշակութային, կրոնական և քաղաքական հայացքներով, ներկայացնելու իրենց երկրներում առկա խնդիրները` դրանք միմյանց հետ համեմատելու և լուծումներ տալու ակնկալիքով”,-ասաց ծրագրի համակարգող Մարիամ Սահակյանը:
Որպես ծրագրի հիմնական ձեռքբերում` մասնակիցներից շատերն առանձնացրեցին հայերին որպես ազգ ճանաչելը: “Ինձ համար անսպասելի էր լսել, որ Հայաստանը երեք անգամ է հռչակվել որպես հանրապետություն”,- խոստովանեց Ուկրաինայի ներկայացուցիչ Հալինա Տուզնիկը, իսկ Մոլդովան ներկայացնող Գաբրիելա Ռուսնակը վստահ է, որ Հայաստանում լինելու նմանատիպ առիթները երբեք բաց չի թողնի:
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը ծրագրի ընթացքում ներկայացրեց Հայաստանում վարվող երիտասարդական քաղաքականությունը, միջազգային հարթակում երիտասարդների ներգրավվածությունը: Բանախոսի կողմից կարևորվեց երիտասարդի համար գիտելիքներ ստանալու շարժառիթներն ու իբրև ակտիվ քաղաքացի հասարակական ու քաղաքական գործընթացներին մասնակցությունը: Ատոմ Մխիթարյանը բարձր գնահատեց երիտասարդական ծրագրերի դերը` նշելով, որ հենց երիտասարդությունն է այն ուժը, որը պետք է կերտի ապագան. “իսկ որքան կրթված և զարգացած լինի այդ ուժը, այնքան հուսալի կլինի վաղվա հեռանկարը”:
Ծրագրի վեց օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու Հայաստանի պատմամշակութային վայրեր, ծանոթանալու Հայաստանի հազարամյա պատմությանն ու մշակույթին, իսկ միջմշակութային երեկոների ընթացքում ներկայացրեցին իրենց երկրներն ու ավանդույթները:
Ապրիլի 24-ին “Future first” ծրագիրի մասնակիցները Երիտասարդական ակումբների դաշնության կողմից իրականացված “YiA ruler” ծրագրի մասնակիցների հետ միասին այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: