Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը մեծ ներդրում է ունեցել թուրքերին և հայերին մերձեցնելու հարցում․ Էրդողանի խոսնակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, ներկա գտնվելով Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հուղարկավորության արարողությանը, լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ պատրիարք Մութաֆյանը կարևոր ներդրում է ունեցել հայ և թուրք ժողովուրդներին «մերձեցնելու» հարցում։
Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը, Քալընը իր ցավակցությունն է հայտնել պոլսահայ համայնքին և նշել, որ իրենք կիսում են հայ ժողովրդի ցավը։
«Նա կարևոր ներդրում է ունեցել թուրքերին և հայերին է՛լ ավելի մերձեցնելու գործում», – շեշտել է Էրդողանի խոսնակը՝ հավելելով, որ Մութաֆյանը նաև ջանքեր էր գործադրում, որպեսզի երկու ժողովուրդներն ավելի լավ հասկանան միմյանց։
Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց 63-ամյա պատրիարքը մահացել է մարտի 8-ին՝ ծանր հիվանդության պատճառով շուրջ 10 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո։
Մեսրոպ Մութաֆյանի աճյունը հողին է հանձնվել նախօրեին՝ Ստամբուլի Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը։